Իրանը պատրաստ է Սիրիային օգնել դուրս բերել երկրից ամերիկյան զորքերը

Իրանը պատրաստ է օգնել Սիրիային երկրում ապօրինի կերպով գտնվող ամերիկյան զորքի դուրսբերմանը, եթե սիրիական իշխանությունները դիմեն այդպիսի խնդրանքով։ RT Arabic-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը գողանում է սիրիական նավթը։ Եվ նախագահ Դոնալդ Թրամփը, Սիրիայի ժողովրդի կամքին հակառակ, կողոպտում է նրան՝ որպես «միջազգային գող»:

«Հուսով ենք, որ մոտ ապագայում կդադարի Սիրիայի մի շարք շրջանների հանդեպ ամերիկյան այս ապօրինի վերահսկողությունը, սիրիացիները կպատասխանեն և վերջ կդնեն այս վերահսկողությանը»,- նշել է քաղաքական գործիչը: Նրա պատասխանը հեռարձակվել է արաբերեն:

«Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել սիրիական իշխանությունների՝ ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրանքին»,- հայտարարել է Վելայաթին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական գործողությունների հենքին զորքի մեծ մասը դուրս է բերել այս շրջանից: ԱՄՆ զինված ուժերը փոքր թվով շարունակում են մնալ երկրի հարավում և արևելքում, որտեղ, ըստ Պենտագոնի, նրանք օգնում են տեղի քրդական խմբավորումներին պահպանել նավթային հանքավայրերը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է,  որ ԱՄՆ-ը Թուրքիային նավթ է վաճառում իրենց կողմից գրավված սիրիական հանքավայրերից:

2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Սիրիայում ռազմական գործողություն են իրականացնում առանց երկրի իշխանությունների թույլտվության: Իրանցի ռազմական խորհրդատուները իշխանությունների հրավերով  գտնվում են Արաբական Հանրապետությունում: