Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում պաշարել են Թուրքիայի դիտակետը

Սիրիայի կառավարական բանակը շարունակում է գրոհները Իդլիբ նահանգի ուղղությամբ, որը գտնվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» վերանվանված նախկին «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ զինված խնբավորումների հսկողության տակ:

Ermenihaber կայքը, հղում անելով Reuters-ին, գրել է, որ Սիրիայի բանակին աջակցում են ռուսական օդուժի միավորումները և իրանական ստորաբաժանումները:

Հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը նկատելի առաջխաղացում է գրանցել, ինչի հետևանքով ավելի վաղ Իդլիբում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հիմնված դիտակետերից մեկը ամբողջությամբ հայտնվել է կառավարական ուժերի շրջափակման մեջ:Դիտակետը գտնվում է Իդլիբ նահանգի Մաարեթ ալ-Նուման քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրման գյուղի մոտակայքում:

Նշվում է նաև, որ Սիրիայի բանակի կողմից նահանգն ահաբեկիչներից ազատելու նպատակով իրականացվող օպերացիայի շրջանակներում տեղի ունեցող զինված բախումների հետևանքով հազարավոր խաղաղ քաղաքացիներ շարժվում են դեպի հարևան Թուրքիայի սահման:

Հիշեցնենք, որ 2017-ին Սոչիում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն Իդլիբում ապառազմականացված գոտի հիմնելու մասին: Դրա շրջանակներում Թուրքիայի վերահսկողությամբ նահանգի զինյալ խմբերը պետք է դուրս բերեին իրենց պատկանող ծանր զինտեխնիկան, տանկերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը և ականանետերը։ Այս ամենը վերահսկելու համար թուրքական ԶՈՒ-ն Իդլիբի տարբեր հատվածներում հիմնել էր 12 դիտակետ: