Ղրղզստանը պատրաստ է տարածքներ փոխանակել Տաջիկստանի հետ սահմանամերձ շրջաններում․ Սոորոնբայ Ժեենբեկով

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է տարածքներ փոխանակել Տաջիկստանի հետ սահմանամերձ շրջանում: Այս մասին տեղեկացրել է lenta.ru կայքը:

Ժեենբեկովը նշել է, որ վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկում սահմանային հարցերն իր գործընկեր, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք պատրաստ ենք այդ հարցը կարգավորել դիվանագիտության և բանակցությունների միջոցով՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը»,- նշել է Ղրղզստանի նախագահը:

Նրա խոսքով՝ Բիշքեկը պատրաստ է Դուշանբեի հետ փոխանակվել տարածքներով:

Ժեենբեկովը նշել է նաև, որ Տաջիկստանի հետ սահմանազատման շուրջ բանակցությունները դանդաղում են, մինչդեռ Ղրղզստանը ցանկանում է արագացնել դրանց ընթացքը:

Նշենք, որ ավելի վաղ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հավաքված հարյուրավոր մարդիկ մեծ ընդհարում էին հրահրել, որը վերաճել էր կոնֆլիկտի: Ղրղզստանի 80 և Տաջիկստանի 100 քաղաքացիներ սկսել էին իրար վրա քարեր նետել սահմանի վիճելի տարածքում: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի երկարությունը 976 կիլոմետր է, սակայն սահմանագծված և սահմանազատված է միայն 504 կիլոմետրը: Խնդիրը սրվում է նաև երկու երկրներում էքսկլավների առկայության պատճառով: Վիճելի տարածքներում հաճախ կոնֆլիկտներ են առաջանում հողի, ջրի, սահմանային ապօրինի հատումների և միջէթնիկ վեճերի պատճառով: