Դա իրավական հարց է. Կոպիրկինը քրգործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու մասին հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողների հետ հանդիպմանը դեսպանն ընդգծեց, որ դա իր համար ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է:

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: