Այս պահին քննարկվում է խնդրի կարգավորման «փուլ առ փուլ» տարբերակը․ դա ոչ միայն Ադրբեջանի բարձր պաշտոնյաներն են ասել, այլև ԱՄՆ-ը, Ռուսաստանը

Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացում մենք ունենք շատ կարևոր և մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ, խոսքը այսպես կոչված Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է, որը 2012թ․ քննարկվում էր և 2016թ․ միակ հարցն էր, որը վերաբերում էր Արցախ-ադրբեջանական շփման գծում միջոցառումներ իրականացնելուն։ Ադրբեջանն ըստ էության ծուղակի մեջ էր։ Ցավոք, այդ օրակարգը կորսված է հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով։

Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ամփոփիչ համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունն ապահովելու մասին բարձրացված հարցն այնքան ոչ պրոֆեսիոնալ ձևով արվեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Արցախի ադրբեջանական համայնքը լեգիտիմություն է ստանում, և այդ մասին արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների ներկայացուցիչներն են նշել։ Միջազգային վերլուծական կենտրոններում ևս առաջ է քաշվում այդ չափազանց վտանգավոր հարցը։

«Այնինչ Արցախի Հանրապետության ինքնորոշման հարցը, որն ընկած է եղել բանակցային գործընթացի հիմքում, էապես թուլացել է, ներկայիս իշխանություններն այդ նպատակը չեն հետապնդում, նետված է մի բանաձև, որի համաձայն՝  ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Արդբեջանի կողմից։ Իսկ այս բանաձևն ամբողջությամբ հակասում է ինքնորոշման իրավունքին։ Ներկա իշխանությունները պարբերապար պնդում են դա, թեև մամուլում բազմիցս ներկայացվել է այդ բանաձևի ողջ վտանգը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն խոսում այն մասին, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը, ինչն արձանագրված է բազմաթիվ միջազգային փաստաղթղթերում և շարունակել է 2016 թվականին։ Չեն խոսում ռազմական գոծողությունների վտանգի մասին, որոնք իրականացնում է Ադրբեջանը մինչև օրս։ Մինչդեռ վերջին ամիսներին Ադրբեջանն իրեն ներկայացնում է ագրեսիայի զոհ, իսկ Հայաստանը չի արձագանքում դրան։

Այս քաղաքականության արդյունքում, ըստ քաղաքական գործչի, Ադրբեջանը մեծ քանակությամբ փաստարկների զինանոց է հավաքել, որով կարող է արդարացնել իր հերթական ռազմական հարձակումը միջազգային հանրության առաջ։

Ցավալի է նաև, որ առաջին անգամ միջազգային հանրությունը և Ադրբեջանը մի դիրք ունեն, իսկ Հայաստանը կարծես թե մեկուսացված է մեկ այլ դիրքում։ Այս մասին բազմիցս ՌԴ արտգործնախարարն է խոսել։

Անդրադառնալով հարցին, թե այսօր ինչ է դրված բանակցային սեղանին, Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ այս պահին քննարկվում է խնդրի կարգավորման, այսպես կոչված, փուլ առ փուլ տարբերակը։ Դա ոչ միայն Ադրբեջանի բարձր պաշտոնյաներն են ասել, այլև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, վերջին անգամ մոտ մեկ շաբաթ առաջ այդ մասին Վիեննայում պարզ հայտարարեց ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

«Շատ երկար տարիներ փուլ առ փուլ առաջարկը չկար։ Դա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ։ Կամ առանց որևէ համաձայնություն ձեռք բերելու հետագայում հանրաքվե անցկացնելու մասին՝ որոշակի քանակությամբ տարածքներ են հանձնելու՝ կարևոր չէ մեկ շրջան, երկու, թե երեք շրջան։ Սա այն հարցն է, որը դրված է բանակցությունների սեղանին և քննարկվում է։ Կա փաստաթուղթ։ Հայաստանից բացի՝ բոլորն ասում են այդ մասին։

Ինչու է մեզ համար անընդունելի նման տարբերակը։ Ներկայիս աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում և մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների պայմաններում հույս ունենալ, որ միջազգային հանրության կողմից մի քանի տարի հետո ինչ-որ բան կիրականացվի, և այսօր գնալ տարածքների վերադարձի, անհեթեթություն է։ Անվտանգության համակարգից, որ ստեղծված է ներկայիս շփման գծով, եթե այդտեղից ամենափոքրիկ քար հանվի, ամբողջությամբ Արցախը կվտանգվի»,- ավելացրեց բանախոսը։

Դավիթ Շահնազարյանը համեմատելով Ռուսաստան-Ադրբեջան և Ռուսաստան Հայաստան հարաբերությունները, ասաց, որ դրանց միջև մեծ խզում կա՝ ոչ հօգուտ մեզ։ Եվ եթե Ռուսաստանը նույնպես եռանախագահողների հետ փուլային տարբերակի նախաձեռնողն է, մենք բոլորս ունենք մեկ հնարավորություն՝ ցույց տալ, որ ներկայիս իշխանություններն այս թեմայով բանակցություններ վարելով՝ ներկայացնում են իրենք իրենց, իսկ ռազմավարական գործընկերոջը և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրներին պետք է ցույց տալ, որ եթե անգամ նման պայմանավորվածություն ձեռք բերվի ՀՀ իշխանությունների հետ, ապա դա իրագործելու որևէ հնարավորություն չի լինելու։

Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ կան։ Այդ ժամանակ նա նաև համոզմունք էր հայտնել, որ առաջիկայում Արցախում կայանալիք ընտրությունների շնորհիվ այդ հակասություները կվերանան։ Դավիթ Շահնազարյանը կասկած չունի, որ այդ խոսքով ՀՀ վարչապետը փաստել է՝ Հայաստանի իշխանությունների նպատակն է՝ Արցախում ձևավորել իրենց ամբողջապես ենթակա իշխանություններ, որոնք նույնպես հավանություն կտան «փուլ առ փուլ» տարբերակին։ Դրանից հետո, ըստ նրա, կիրագործեն մեզ համար անընդունելի բանաձևը, որ ցանկացած կարգավորում պետքէ  ձեռնտու լինի երեք կողմերին։

«Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ մեզ պետք է բացատրել՝ ինչ են Մադրիդյան սկզբունքները, Մադրիդյան փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս ներկայացնել կարգավորման այն տարբերակը, որը մեզ ձեռնտու է։ Արդբեջանը շատ պարզ ներկայացրեց իր տարբերակը, Հայաստանը դա չի արել»։