Չորս ոստիկան ազատվել է ծառայությունից․ գումարվել է կարգապահական հանձնաժողովի նիստ (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի պաշտոնակատարին` 4  ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժը, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը: