Տարվա ձեռքբերումները

Նախորդ շաբաթ ամփոփվեց HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման արդյունքները։ Հայաստանի փաստաբանների կողմից կատարված գնահատման արդյունքում 2019թ. ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավորներ Դավիթ Բալայանը և Վազգեն Ռշտունին։ Ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր է ճանաչվել Արմեն Դանիելյանը։

Սրանք շատ խոսուն տվյալներ են, որոնք ի ցույց են դնում մեր դատական համակարգի և առանձին դատավորների ողջ հմայքն ու թշվառությունը։ Ալեքսանդր Ազարյանը հայտնի է Մարտի 1-ի գործով իշխանությունների կամքին հակառակ՝ նրանց ոչ հաճո դատական ակտի կայացմամբ, որին հաջորդեցին վերջինիս հանդեպ ուղղորդված ճնշումները։

Արմեն Դանիելյանը նույն գործով դատավարության ընթացքում թույլ էր տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։

Դատավորների հետ ամենօրյա ռեժիմով աշխատող փաստաբանները դատավորների ամենաօբյեկտիվ գնահատողներն են և նրանց գնահատականն է, որ հնարավորություն է տալիս եզրակացնել, թե ով է իրապես գործել արժանապատիվ, անաչառ և ով է հարմարվել իրենց ուղղված «վնգստացող» անվանարկման հետ։

Դատաիրավական համակարգի իրապես մտահոգիչ մթնոլորտում այս քվեարկությունը կարելի է համարել տարվա ձեռքբերում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում բացի ճնշումներից, համակարգի առողջացման ուղղությամբ իշխանությունների կողմից ռեալ քայլեր չձեռնարկվեցին։ Կարելի է միայն ափսոսալ, որ բաց թողնվեց հնարավորությունը հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման՝ առանց սեփական քաղաքական շահերի համար առկա որակներով դատաիրավական համակարգը օգտագործելու։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։

Տարվա ձեռքբերում պետք է դիտարկել նաև Սահմանադրական դատարանի պայքարն իր անկախության համար։ Ի հեճուկս բազմաթիվ ճնշումների, Սահմանադրական դատարանը և դատարանի առանձին դատավորներ կարողացան տարվա ընթացքում պահպանել անկախությունը, փաստորեն հանդես գալով որպես իշխանությունների հակակշռման միակ երաշխավոր։ Իհարկե, այս անկախությունը խիստ վտանգված է՝ հաշվի առնելով դատավորներին «կաշառելու», ՍԴ նախկին՝ազդեցությունից դուրս գտնվող դատավորներից ազատվելու և կառավարելի անձերով ՍԴ ձևավորելու իշխանությունների փորձերը, սակայն վստահ եմ, որ ՍԴ դատավորները բարձր են գնահատում իրենց հեղինակությունը և առաքելությունը, և ճիշտ կգնահատեն օրենքի վտանգավորությունը։

Տարվա ընթացքում հրատապ խնդիր էր դարձել նաև իրավապաշտպանության նոր համակարգերի ստեղծումը. այս կարճ ժամանակահատվածը բացահայտեց, որ մեր երկրում իրավապաշտպանությունը շատ երկար տարիներ եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր իրավապաշտպաններից շատերը ստանձնել են մեղադրողի գործառույթ:

Տարվա ձեռքբերում էր նաև քաղաքացիական հասարակության նոր կառույցների ձևավորումը, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «նոր» Հայաստանում շարունակում են պայքարել «հին» Հայաստանի դեմ։

Ձևավորվեց իրապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին: Իրավաբանական համայնքի համախմբումը թեև դանդաղ, սակայն պարտադրված անհրաժեշտություն է։

Իշխանության տեսակետի հետ չհամընկնող տեսակետ ունենալու պարագայում «հակահեղափոխական» համարվելու անառողջ մթնոլորտում, արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները տարվա ամենալուրջ ձեռքբերումներն են, հակառակ պարագայում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակությունը կորցրած հասարակություն։ Հաշվի առնելով այս բարդ տարվա զարգացումները հանրային կյանքում և իրավական համայնքում, առաջանում են լավատեսության միտումներ. մենք կարող ենք դիմակայել դատաիրավական ամենաթողությանը, մենք կարող ենք զսպել դատաիրավական համակարգի քաղաքականացումը։ Մեզ սպասում է աշխատանքային դժվար տարի, բայց մեկ տարի առաջ այս օրերը ավելի հոռետեսական էին։ Աշխատանքը արդյունք տալիս է։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»