Ռուսաստանն ու Իրանը համախմբում են հակաահաբեկչական համատեղ ջանքերը

2019-ի դեկտեմբերի 18-ին Իրանն ու Ռուսաստանը հաստատեցին, որ իրենց հատուկ ծառայություններն սպասում են ահաբեկչական պատերազմի «երկրորդ ճակատի» բացմանը․ պատերազմի, որը ԱՄՆ-ը վարում է կոնկրետ Իրանի և Ռուսաստանի դեմ, թեկուզ և այլ երկրների տարածքներում: Այդ օրը Թեհրանում Անվտանգության խորհուրդների ղեկավարների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպման ժամանակ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Պատրուշևը բարձրաձայն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը շարունակում է ամրապնդվել Աֆղանստանում և պատրաստում է կամուրջ՝ Կենտրոնական Ասիայի երկրներ և Ղազախստան ներխուժելու համար։ Ըստ Պատրուշևի խոսքերի՝ «մեր վերջին հանդիպումից հետո մեկ տարվա ընթացքում Աֆղանստանում իրավիճակը մնում է անկայուն և վատթարացման միտում ունի: Ամենամեծ մտահոգությունը ԻՊ խմբի ուժեղացումն է»:

Մենք բազմիցս գրել ենք, որ Իրանն ու Ռուսաստանն աշխարհին ամենաբարձր մակարդակով նախազգուշացրել են Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում ահաբեկչության տարածման սպառնալիքի մասին: Մասնավորապես, 2019-ի մարտին Թեհրանի մտահոգությունները հնչեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իսկ Իրանում նոյեմբերի դեպքերից հետո Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին նույնպես հայտարարել է այդ սպառնալիքի մասին: Այժմ Իրանի մտավախությունները լիովին հաստատում է Ռուսաստանի հետախուզության գեներալ Պատրուշևը: «Չնայած կառավարական ուժերի վերջին գործողություններին (աֆղանական), երբ հնարավոր եղավ ոչնչացնել կամ գերեվարել ավելի քան 600 գրոհայինների, ըստ տարբեր աղբյուրների, Աֆղանստանում շարունակում են մնալ 2,5-4 հազար արմատականներ»,- նշել է Պատրուշևը: Հիմնական ջանքերը նրանք կենտրոնացնում են Աֆղանստանի հյուսիսում իրենց ներկայությունն ամրապնդելու համար, որտեղ արդեն կենտրոնացած են ավելի քան երկու հազար գրոհայիններ «Թալիբանին» դիմակայելու և Կենտրոնական Ասիա ներխուժելու նպատակով կամուրջ պատրաստելու համար»: Ընդ որում, գեներալ Պատրուշևը նույնիսկ նշել է երկու ուղղություն, որոնցով Ռուսաստանն ու Իրանը ակնկալում են ահաբեկիչների կողմից նախկին ԽՍՀՄ տարածք ներխուժելու փորձեր: Դրանք Տաջիկստանն ու Թուրքմենստանն են:

«Իսլամական պետության» հիմնական հենակետը գտնվում է Աֆղանստանի արևելքում. այնտեղ կենտրոնացած են ավելի քան 1,5 հազար սուննի իսլամիստ ջիհադիստներ, և Պակիստանի տարածքով շարունակում են ժամանել նոր գրոհայիններ, այդ թվում՝ Սիրիայից և Իրաքից: Դրանց վերջնական նպատակը, այսպես կոչված, «Մեծ Խորասան»-ի ստեղծումն է, որն իր մեջ ներառում է Աֆղանստանի տարածքները և Կենտրոնական Ասիայի երկրները, հայտարարել է Պատրուշևը: Գրոհայինների առաջնահերթ թիրախ կարող են դառնալ կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները, իրավապահ մարմինները և դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները:

Բայց բանն այն է, որ ահաբեկիչներին հակազդելու հարցում բացահայտորեն շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների կառավարությունները: Ի վերջո, պատմական Խորասանի առյուծի մասը Իրանի այսօրվա արևելյան շրջաններն են: Վերջին 10-15 տարիների ընթացքում Աֆղանստանից Իրան կատարվող ճեղքումներն անհաջող են եղել ոչ միայն ահաբեկիչների համար․ Իրանի սահմանում անողոք կերպով ոչնչացնում են և թմրանյութերի քարավանները, և պարզապես մաքսանենգներին։ Այդ իսկ պատճառով պետք է ակնկալել, որ Թուրքմենստան ներխուժումը անհրաժեշտ է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որպեսզի հետո Թուրքմենստանի տարածքից փորձեն կրկին ներխուժել Իրան: ԱՄՆ-ը, որպես պատերազմի համակարգող և «պատվիրատու», համոզվել է, որ Իրանի արևմտյան սահմաններից ոչ մի ահաբեկչական խմբավորման չի հաջողվել որևէ բանի հասնել, բացի եզակի ահաբեկչական գործողություններից: Հետևաբար ընտրվել է ավելի երկար ուղի՝ զինված բնույթի դիվերսիոն հակաիրանական գործողություններ իրականացնելու համար՝ Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի միջոցով:

Այն փաստը, որ Անվտանգության խորհուրդների ղեկավարների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների համատեղ հանդիպումը կայացել է Թեհրանում, շատ բանի մասին է վկայում: Մենք բազում անգամ գրել ենք, որ Իրանը և Ռուսաստանը պատրաստվում են, այդ թվում՝ ռազմական ոլորտում ավելի սերտ համագործակցության և փոխգործակցության: Այժմ պարզ է, որ Իրանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունները համախմբվում են: Անկեղծ ասած, մենք չէինք նախանձի նրանց, ովքեր դատապարտված են թիրախներ դառնալ ահաբեկիչների ոչնչացման իրանցի և ռուս մասնագետների համար: Բայց, միևնույն ժամանակ, դա նշանակում է, որ Իրանին և Ռուսաստանին սահմանակից երկրներն ստիպված կլինեն ուշադիր կշռադատել իրենց հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ և չզոհաբերել դրանք հանուն ԱՄՆ հետ իրենց հարաբերությունների:

Սերգեյ Շաքարյանց