Ստամբուլում լույս է տեսել «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» գրքի թուրքերեն թարգմանությունը

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է Արշակ Ալպոյաճյանի՝ Մալաթիայի և շրջակա բնակավայրերի հայերի մասին պատմող գիրքը։  Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, թարգմանությունը կատարել է Սիրվարդ Մալխասյանը։

Գիրքը ներառում է նշված տարածաշրջանի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ «Պատմութիւն Մալաթիոյ Հայոց․ տեղագրական, պատմական և ազգագրական» խորագրով գիրքը հայերեն լույս է տեսել 1961թ․, Բեյրութում, կազմված է եղել ավելի քան 1500 էջից։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է, որ գրքում տեղ է գտել նաև իր ընտանիքի պատմությունը։ Թուրքերեն գրքի շապիկը հրապարակելով՝ Փայլանը հետևյալ գրառումն է արել․

«Արշակ Ալպօյաճեանի «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» գիրքը Մալաթիացի հայերու միութեան աջակցութեամբ հրատարակուեցաւ «Արաս» հրատարակչութեան կողմէ։ Գիրքը, ուր կայ նաեւ ընտանիքիս պատմութիւնը, կարդացի խոր յուզումով։ Ձեր վարձքը կատար…»։