«Աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:

Լրագրողների հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն ներխուժելու դեպքը Կատարվածը ակնհայտորեն գողություն չհամարեց։

«Սա ակնհայտ գողություն չէ, քանի որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ, բացված են միայն դարակները: Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է։ Փաստ է, որ ինչ-որ բան են փնտրել, բացված են բոլոր դարակները, իմ աշխատասենյակը տակնուվրա է արված, ես ամեն ինչ այս պահին կարող եմ կասկածել»,-ասաց նա։

Օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ պատգաավոր Թագուհի Թովմասյանն իր հերթին ասաց, որ կասկածներ ունի, որ սա էլ աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է․  «Առաջին դեպքում վերծանել են Քնար մանուկյանի 1,5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, իսկ այս երկրորդ գործողությունը նման է աղբյուր փնտրելուն, բայց կդժվարանամ ասել՝ արդյոք սա աղբյուր փնտրելու գործողություն էր։ Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են, փաստորեն այնպիսի իրավիճակ է, որ լրագրողները ամեն նյութ գրելիս պետք է մտածեն՝ բա որ գան, բա որ ինձ նորից տանեն, բա որ ՀՔԾ-ում նորից ցուցմունք տամ»։

Թովմասյանի խոսքով՝ կտրել են խմբագրության մուտքի տեսախցիկների լարերը, ուստի այն ըստ էության չի տեսանկարահանել։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել Մարտի 1-ի գործով ցուցմունքները տվող ինֆորմացիայի աղբյուրը:

«Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները: