Թուրքիայի մեջլիսի նախագահը Բաքվում խոսել է արցախյան հակամարտության և Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, վեհաժողովին ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը և օրեր առաջ ԱՄՆ-ի սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը:

Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող ադրբեջանամետ թեզերը՝ մասնավորապես ասելով. «Մենք միշտ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը հարգելու համատեքստում: Ցավով ենք ընդունում այս հարցում աշխարհի անտարբերությունը և hայերի օգտին ընդունվող բանաձևերը»,- ասել է Շենթոփը:

Անցում կատարելով Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք ճիշտ չեն գտնում այդպիսի հարցերում խորհրդարանների կողմից որոշումներ կայացնելը:

«Այստեղ ոչ վաղ անցյալում մեծ կոտորած (նկատի ունի Խոջալուի դեպքեր-խմբ.) է տեղի ունեցել: Ցավալի է ու քննադատության արժանի այն, որ դրա մասին չեն խոսում կամ մոռացել են: Եթե կոտորածների խնդրում չորդեգրվի անկողմնակալ և սկզբունքային դիրքորոշում ու կիրառվեն երկակի չափանիշներ, ապա աշխարհում հնարավոր չի լինի ապահովել խաղաղություն ու անվտանգություն:

Մենք ճիշտ չենք համարում խորհրդարանների կողմից պատմական թեմաների վերաբերյալ որոշումներ կայացվելը: Այդ որոշումը քաղաքական է»,- եզրափակել է Շենթոփը: