Եվրամիությունից հեռանալու քաղաքակիրթ տարբերակը չի բխում Մեծ Բրիտանիայի շահերից

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը (ավելի ստույգ՝ համայնքների պալատը) ձայների 202 կողմ և 432 դեմ հարաբերակցությամբ մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Եվրամիությունից դուրս գալու նախագիծը, որը մշակվել ու համաձայնեցվել էր Բրյուսելի հետ:

Ի՞նչ է սա նշանակում: Միանգամից նշենք, որ սա ամենևին չի նշանակում Brexit-ի իրականացման մերժում (վերջին հաշվով, նման որոշում կայացվել էր համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որի կատարումն անբեկանելի է): Խոսքը վերաբերվում է այդ գործընթացի իրականացման մեխանիզմներին, որոնց երկու ծայրահեղ տարբերակներն են քաղաքակիրթ հեռացումը՝ Միացյալ Եվրոպայի հետ պահպանելով որոշ տնտեսական, քաղաքական ու այլ բնույթի կապեր, և հեռացումը «կամուրջների այրումով», այսինքն՝ աղմուկով, սկանդալներով, խարխլելով կառույցի հիմքերը: Թ. Մեյի նախագիծը նախատեսում էր առաջին տարբերակը, որում խիստ շահագրգռված էր նաև Եվրամիության ղեկավարությունը: Սակայն դա այլևս անցյալ է: Ըստ ամենայնի, այժմ գործածության մեջ է դրվում երկրորդ տարբերակը:

Ուրեմն, արդյոք հետագա գործընթացը կարո՞ղ է անկառավարելի ընթացք ստանալ, ինչի մասին մտահոգություն են հայտնում Եվրամիության բարձրաստիճան չինովնիկները, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը: Դա հասկանալու համար ահրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ էր, ընդհանրապես, անհրաժեշտ Brexit-ը, ի՞նչը ստիպեց Մեծ Բրիտանիային ու բրիտանացիներին Եվրամիությունից դուրս գալու մասին որոշում կայացնել:

Մի քանի առիթներով արդեն նշել ենք, որ Եվրամիություն Մեծ Բրիտանիայի մուտքը պայմանավորված էր իր կողմից այդ կառույցը վերահսկելի ու կառավարելի դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում այն տրոհելու նպատակներով: Այժմ «քարերը նետելու» ժամանակն է և միացյալ եվրոպական կառույցը պետք է ուղարկել պատմության գիրկը․ սա է անգլո-սաքսոնական աշխարհի մոտեցումն ու նպատակը:

Եթե նպատակը «Եվրոպական ընտանիքի» քայքայումն է, ապա այդ ընտանիքից դուրս գալը պետք է կատարվի սկանդալային ոճով, այլ ոչ թե քաղաքակիրթ քայլերով:

Քաղաքական գործիչները, փորձագետներն ու մեկնաբանները Համայնքների պալատի հունվարի 15-ի որոշումը որակում են որպես Թ. Մեյի ու կառավարության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ձախողում: Ինքը՝ Թ. Մեյն ասել է, թե «բրիտանական հասարակության մեջ աճելու է անորոշությունն ու չարությունը»: Բրիտանական հասարակության սպասվելիք տրամադրությունների առումով խոսվում է նաև «կաթվածահար», «նվաստացած» և այլ որակումներով: Կարծում եմ, որ այդ անորոշությունն ու չարությունն առաջին հերթին համակելու են եվրոպական չինովնիկներին:

Սակայն չմոռանանք, որ այդ պալատի 640 պատգամավորներից 316-ը իշխող Պահպանողական կուսակցության անդամներ են, որի ծրագրային դրույթներից մեկը հանդիսանում է հենց «դեզինտեգրացիան»: Այսինքն՝ ոչ մի ձախողում էլ չկա, ամեն ինչ հաշվարկված ու պլանավորված է: Դա է բրիտանական քաղաքական ուժերի միացյալ ու համաձայնեցված քաղաքականությունը, և ամենևին էլ կարևոր չէ, թե հետագայում անվստահություն կհայտնվի կառավարությանը, թե ոչ. Բոլոր քայլերն ուղղված են մեկ նպատակի:

Վերջապես, չմոռանանք, որ ընթացիկ տարվա մայիսին նախատեսված են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որի ընթացքում «դաժան» պայքար է սպասվում եվրոպական ինտեգրացիոն կառույցի պահպանման ու տրոհման կողմնակիցների միջև: Իսկ Մեծ Բրիտանիայի հեռացման ժամկետը խիստ որոշակի է՝ մարտի 29-ը: Ահա այդ երկու միոջոցառումների միջև ընկած մոտ 2-ամսյա ժամանակահատվածն է որոշելու Եվրամիության ճակատագիրը: Բրիտանացիներն իրենց հրահրիչ ու խթանիչ քայլն արել են, հերթը եվրոպական ազգայնական ուժերինն է:

 

Լևոն Անդրիասյան