Ռուսական կողմը ցավում է, որ Ադրբեջանն այդպես էլ չարձագանքեց Փաշինյանի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Ադրբեջանն այդպես էլ չարձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը կարևոր էր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ Ղարաբաղյան գործընթացի մյուս մասնակիցների համար»։
Կոսաչովը վստահ է, որ նման հակամարտությունների լուծումները չեն կարող ուժային տարբերակ ունենալ, այն պետք է քաղաքական լինի։
«Ռուսական կողմը ցավում է, որ ադրբեջանական կողմը դեռ նման բովանդակությամբ պատասխան հայտարարություն չի արել։ Հուսով ենք` նման հայտարարություններ անպայման կհնչեն, այն կարևոր է հակամարտության կարգավորման տեսակետից», – ասաց Կոսաչովը։
Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Երևանի, Ստեփանակերտի ու Բաքվի ժողովուրդների համար։