Թրամփի իմպիչմենտի քննարկումը կտևի ոչ ավելի, քան վեց ժամ

Օրինագծի շուրջ բանավեճը, որը ենթադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը, տեղի կունենա չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում և կտևի ոչ ավելի, քան վեց ժամ, համապատասխան որոշումը երեքշաբթի երեկոյան ընդունվել է պալատի հանձնաժողովի կողմից ավելի քան ինը ժամ տևած քննարկումներից հետո: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերջնական քվեարկությունն ավարտվել է առանց անակնկալների, հանձնաժողովի բոլոր ինը դեմոկրատները վեց ժամվա ընթացքում կողմ են քվեարկել, իսկ չորս հանրապետականները՝ դեմ:

Թրամփը մեղադրվում է երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահման և օրենսդիրների աշխատանքի խոչընդոտման համար:

Եթե Դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփին իմպիչմենտ հայտնելու օգտին, ապա գործը կանցնի Սենատ: Թրամփին դատապարտելու և նրան իշխանությունից հեռացնելու համար պահանջվում է սենատորների երկու երրորդի ձայները, այնուամենայնիվ, ներկայումս հանրապետական մեծամասնությունը մտադրություն չունի քվեարկել նախագահի դեմ: Թրամփը հրաժարվել է համագործակցել Դեմոկրատական պալատի հետաքննության հետ, բայց հույս է հայտնել Սենատի ազնիվ գործընթացի համար:

Դեմոկրատները սկսել են իմպիչմենտի գործընթացը Թրամփի դեմ՝ կասկածելով, որ նա հետաձգել է Ուկրաինային ռազմական օգնությունը՝ այն տրամադրելու դիմաց պահանջելով հետաքննություն անցկացնել  իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ: Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի իշխանություններից սոսկ պահանջել է կոռուպցիայի դեմ պայքար։

Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը միայն երկու անգամ է հայտարարել իմպիչմենտ՝ Էնդրյու Ջոնսոնին (1868թ․) և Բիլ Քլինթոնին (1998 թ.), Սենատը երկուսին էլ արդարացրել է: Թրամփը երկրի 45-րդ նախագահն է և մտադիր է վերընտրվել 2020 թվականին՝ երկրորդ քառամյա ժամկետով: