ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է կնքվի ռազմաքաղաքական պայմանագիր։ Տեղեկացնում եմ, որ նման համաձայնագիր իմ կողմից ղեկավարվող՝ Նախագահի աշխատակազմին կից «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի» փորձագետները մշակել էին դեռևս 2008թ․-ին։ Ընդ որում, այդ մշակմանը մասնակցել են անձինք, ովքեր շատ լավ տիրապետում էին Արցախի խնդրի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը, ներառյալ նաև բանակցությունների մանրամասներին։

Այժմ ես այդ համաձայնագրի նախագիծը հրապարակայնացնում եմ։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է օրինակ ծառայել նման փաստաթուղթ մշակողների համար։

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (հետագայում՝ պայմանավորվող Բարձր կողմեր),

— արտահայտելով երկու երկրների ժողովուրդների խաղաղ գոյակցության և անվտանգ ու կանխատեսելի ապագայի երաշխիքների ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովման ու պաշտպանության ձգտումները,

— մտահոգություն արտահայտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռևս չճանաչված լինելու հետևանքով սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, հաղորդակցական, առողջապահական ու հումանիտար այլ ոլորտներում առկա սահմանափակումների առթիվ, և երկկողմ ու բազմակողմ հիմքերի վրա ձգտելով պայմաններ ստեղծել այդ իրավունքների լիարժեք իրականացման համար,

— հաշվի առնելով, որ 1991 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն ու 1991 թ. սեպտեմբերի 2-ից մինչև 1992 թ. հունվարի 6-ը նրա ձևավորման ընթացքն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքին ու այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը,

— ամրագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-ֆակտո պետականության կայացումը, և նպատակ ունենալով համատեղ ուժերով բանակցային գործընթացի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-յուրե ճանաչման ձեռքբերումն ու ժողովրդի անվտանգ զարգացման համար այլ միջազգային երաշխիքների ապահովումը,

— հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 2008թ. ապրիլի 18-ի եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թ. ապրիլի 29-ի հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասինե,

— հավատարիմ մնալով 1994 թ. մայիսի 12-ին ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ եռակողմ համաձայնագրով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորություններին,

— առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պակտով, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդակցության Հելսինկյան ամփոփիչ ակտով,

— ձգտելով խաղաղ բանակցությունների, առանց ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի միջոցով հակամարտության համընդհանուր կարգավորմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև,

— առաջնորդվելով տարածաշրջանային կայունության, անվտանգության ու համագործակցության ապահովման ձգտումներով,

— կարևոր նշանակություն տալով միջազգային ասպարեզում համաձայնեցված ու համակարգված փոխգործակցությանը և անվտանգության ու հումանիտար ոլորտներում երրորդ կողմերի ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը,

— պատասխանատվություն զգալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների պահպանման ու խորացման հարցում,

— վստահ լինելով, որ երկկողմ ռազմավարական համագործակցությունը հանդիսանում է երկու երկրների ապագա արդյունավետ զարգացման անհրաժեշտ պայման,

պայմանավորվում են հետևյալի մասին.

Հոդված 1.

Երկու պետությունների համագործակցությունը հիմնվում է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու գործընկերության սկզբունքների վրա:

Բարձր պայմանավորվող կողմերը՝ հավատարիմ լինելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, համագործակցելու են ժողովրդավարական հասարակությունների կայացման իրականացման մեխանիզմների մշտական բարելավման, մարդու արժանապատվության, նրա ազատությունների ու իրավունքների երաշխավորման հարցերի շուրջ:

Բարձր պայմանավորվող կողմերը պահպանելու են հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև պետությունների իրավահավասարության հիման վրա համագործակցությանը, մարդու հիմնարար իրավունքների պահպանությանն ու հարգանքին:

Հոդված 2.

Առկա երկկողմ պայմանագրերի ու նոր պայմանագրերի ստորագրման հիման վրա Բարձր պայմանավորվող կողմերը ամրապնդելու ու խորացնելու են իրենց բնական հարաբերությունները և համագործակցությունը քաղաքական, իրավական, պաշտպանական, տնտեսական, մշակութային, հումանիտար, տեղեկատվական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Հոդված 3.

Երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի հիման վրա Բարձր պայմանավորվող կողմերն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային ու այլ իրավունքների իրականացման սահմանափակումների հաղթահարման ուղղությամբ:

Հոդված 4.

Տարածաշրջանում խաղաղության պահպանման համար Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանն անմիջականորեն սպառնացող ցանկացած դրսևորման չեզոքացման ու համարժեք գործողությունների իրականացման ուղղությամբ:

Երկու երկրների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում համապատասխան համաձայնագրեր կստորագրեն տվյալ հոդվածով նախատեսված պարտավորությունների իրականացումն ապահովելու համար:

Հոդված 5.

Կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի միակողմանի գործողություններից, որոնք կարող են սպառնալ մյուս Բարձր պայմանավորվող կողմի ինքնավարությանը:

Մինչև հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես լիիրավ մասնակցի վերականգնումը, Հայաստանի Հանրապետությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն այն հարցերում, որոնց շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կստանա իրավասություն:

Անհրաժեշտության դեպքում միջազգային ասպարեզում ևս Հայաստանի Հանրապետությունը կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն այն հարցերում, որոնց շուրջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կստանա իրավասություն:

Հոդված 6.

Բարձր պայմանավորվող կողմերը նպաստելու են իրենց Խորհրդարանական կապերի ընդլայնմանն ու խորհրդարանական երկկողմ հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը:

Հոդված 7.

Ներկա համաձայնագրի դրույթների կատարմանն ու հնարավոր վեճերի լուծմանն ուղղված գործունեության կոորդինացման համար Բարձր պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում ձևավորելու են համատեղ խորհրդարանական մարմիններ ու հանձնաժողովներ՝ ընդգրկելով երկու պետությունների իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին:

Հոդված 8.

Ներկա համաձայնագիրը չի շոշափում այլ պետությունների հետ կնքված պայմանագրերով ու համաձայնագրերով նախատեսված Բարձր պայմանավորվող կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նաև ուղղված չէ այլ պետությունների դեմ:

Հոդված 9.

Ներկա համաձայնագիրը ենթակա է վավերացման երկու երկրների Խորհրդարանների կողմից և ուժի մեջ է մտնում վավերացման հավատարմագրերի փոխանակման պահից, որը տեղի կունենա Ստեփանակերտ քաղաքում:

Հոդված 10.

Ներկա համաձայնագիրն անժամկետ է և գործում է մինչ այն պահը, քանի դեռ Բարձր պայմանավորվող կողմերից մեկը չի հայտարարել համաձայնագրի գոծողության դադարեցման մասին՝ այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով մյուս Բարձր պայմանավորվող կողմին ոչ ուշ, քան կասեցումից մեկ տարի առաջ:

Հոդված 11.

Համաձայնագրում փոփոխությունների կատարումն իրականացվում է Բարձր պայմանավորվող կողմերից մեկի նախաձեռնությամբ՝ երկու Կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում, որոնք ուժի մեջ են մտնում Բարձր պայմանավորվող կողմերի Խորհրդարանների կողմից վավերացումից հետո:

Համաձայնագիրը կատարված է քաղաք Երևանում (ամսաթիվ), երկու օրինակից, հայերեն լեզվով:

«Ազգային անվտանգություն կուսակցության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի ֆեյսբուքյան էջից

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այս օրերին…

Опубликовано Garnik Isagulyan Среда, 18 декабря 2019 г.