Վիտալի Բալասանյան. «Ես առաջարկում եմ այն, ինչ կարող է առաջարկել մեր Հայրենիքի ցանկացած հայրենասեր մարդ»

Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցության հավակնորդ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի»-ի թղթակցի հարցերին:

 

– Նախագահական ընտրարշավին մասնակցող հավակնորդներից դուք միակն եք, ով կտրուկ քննադատում է Հայաստանի ներկայիս ղեկավարությանը: Դա կամրապնդի՞, թե կթուլացնի ձեր դիրքերը նախընտրական քարոզարշավի ընթացքում:

– Եթե քննադատությունը հիմնավորված է, ապա այն միշտ ուժեղացնում է այս կամ այն հավակնորդի դիրքերը, որը գիտակցաբար մտել է ընտրապայքարի մեջ: Մենք պարտավոր ենք Արցախի ժողովրդին ի սկզբանե ընկալել որպես բարձր գիտակցություն կրող մարդկանց, ովքեր հիանալի կերպով հիշում են ոչ վաղ անցյալը: Ժողովրդի հիշողությունը երբեք չի ներում սխալները, չհիմնավորված հայտարարություններն ու խոստումները:

Պաշտոնական Երևանի աջակցությունը համարո՞ւմ եք հաղթանակի բացարձակ երաշխիք, և ի՞նչ եք մտածում նրանց մասին, որոնց անունները՝ որպես Նիկոլ Փաշինյանի ֆավորիտներ, մշտապես շրջանառվում են ԶԼՄ-ներում:

– Աջակցությունը, ում կողմից էլ դա լինի՝ պաշտոնական Երևանի, թե ոչ, իհարկե որոշակի դերակատարություն ունի, երբ խոսք է գնում քաղաքացիների տրամադրությունների ու գիտակցության վրա ազդեցության մասին: Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ Արցախում այդ գործոնը կարող է ճնշող ուժ հանդիսանալ ու կանխորոշել նախագահական ընտրությունների հաղթողին: Պետք է հաշվի առնել այն, որ ժողովուրդը դեռևս գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի վիճակում, ու մեր ժողովուրդը գիտակցում է, թե ինչպիսի կորուստներ է կրել հաղթանակի ու ազատության զոհասեղանին: Ուստի ես վստահ եմ, որ արցախցիներն իրենց ընտրությունը կատարելու են ոչ թե ինչ-որ թելադրանքով կամ «սցենարով», այլ իրենց սեփական փորձի ու տրամաբանված եզրակացությունների հիման վրա: Մի՞թե պարզ չէ, որ տվյալ փուլում, երբ անորոշ է կարգավորման ճակատագիրը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպիսի նախագահ է անհրաժեշտ ծանր ժամանակվա համար: Ընդ որում, ամբողջովին անտեսելով, թե որևէ մեկը կցանկանա իրեն խորհուրդներ տալ:

Ինչ վերաբերում է անհատներին, որոնց անվանում են Փաշինյանի ֆավորիտներ, ապա ես միշտ հարգանքով եմ վերաբերվել ցանկացած մարդու, ով կանգնած է Արցախի պաշտպանության առաջնագծում: Մեր երկիրն (Արցախը) ավելի փոքր է, քան Հայաստանը, ու այստեղ բոլորը միմյանց լավ ճանաչում են: Գիտեն, թե ով ինչի է ունակ, սակայն ես երբեք չեմ թերագնահատում մրցակցին:

– Ունե՞ք արդյոք տարակուսանքներ գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդարացի ու թափանցիկ անցկացման հարցում:

– Կրկնեմ, որ Արցախն ապրում է անավարտ պատերազմի պայմաններում, և ազատ ու արդարացի ընտրությունների անցկացման պատասխանատուների ու շարքային ընտրողների պատասխանատվությունը ծայրահեղ բարձր է: Բնական է, որ կարող են լինել տարաբնույթ շեղումներ: Սակայն Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուները՝ ԿԸՀ-ի ու ընտրական հանձնաժողովների հետ մեկտեղ, պարզապես պարտավոր են բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների նույնիսկ մեկ ստորակետը կասկածի առիթ չհանդիսանա մեր ժողովրդի համար:

– Դուք ներկայացնում եք Արցախի զինվորական վերնախավը և կրում եք նրա աջակցությունը: Իսկ ի՞նչ կարող եք առաջարկել քաղաքացիական հասարակությանը՝ ընտրություններում նրա աջակցությունն ստանալու համար:

– Իսկ մի՞ թե մեր քաղաքացիական հասարակությունը Արցախի պաշտպանության բանակի երեկվա զինվորներն ու սպաները չեն: «Ժողովուրդն ու բանակը միասնական են» արտահայտությունը մեզանում դատարկ խոսքեր չեն, դա իրականություն է: Ես առաջարկում եմ այն, ինչ կարող է առաջարկել մեր Հայրենիքի ցանկացած հայրենասեր մարդ: Հավատարմություն երդմանը, երկրի ու ժողովրդի պաշտպանության գործին՝ ցանկացած արտաքին ոտնձգության դեմ, անվարանելի պայքար միջազգային ասպարեզում ԱՀ ճանաչման համար, որն անշուշտ էապես կնպաստի մեր սահմաններում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Առաջարկում եմ կողմնորոշում դեպի մեր ազգի ավանդական արժեքները՝ Մոր, Հոր ու Ընտանիքի մեծարումը, այսինքն լրջագույն վերաբերմունք արցախցիների գալիք սերունդների ճշմարիտ դաստիարակության հարցում: Միևնույն ժամանակ, ես հեռու եմ համընդհանուր հարստության ու բարօրության անսահմանափակ խոստումներ սփռելու մտքից: Դեռևս ոչ մի պատերազմող պետություն տնտեսական ու սոցիալական ոլորտների զարգացման ցնցող արդյունքներ չի արձանագրել: Սակայն Արցախի ցանկացած պետական գործչի պարտքն է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ամենօրյա զրկանքների ու դժվարությունների մեջ մեր ժողովուրդը նվազագույն կորուստներ ունենա: Ու ես երդվում եմ, որ չեմ խնայի ուժերս ու առողջությունս, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ամուր, խաղաղություն, անվտանգություն ու կայուն զարգացում երաշխավորող երկրում՝ թեկուզ առանց «տնտեսական հրաշքի»: Նման վստահության համար կան բազմաթիվ հիմնավորված նախադրյալներ:

– Ավելացա՞վ արդյոք ձեր կողմնակիցների թիվը Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու ստորագրահավաքի արդյունքում:

– Կարծում եմ՝ ավելացավ: Մեզանում ոչ ոք չի մոռացել ու չի մոռանում, որ պատերազմի ամենադժվարին ժամանակաշրջանում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր կառավարությունը՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն: Եվ այն, որ հենց նա դարձավ անկախ Արցախի առաջին նախագահը: Ըստ էության, նա իր կամքից անկախ հայտնվեց Հայաստանում. 1997 թ. ամռանը նրան հրավիրեցին աշխատանքի ՀՀ կառավարությունում, և նա պարզապես հարգանքով վերաբերվեց իր մարտական ընկեր Վազգեն Սարգսյանի խնդրանքին: Իհարկե, կոշտ ու վճռական մարդկանց միշտ չէ, որ գնահատում ու սիրում են կյանքի ընթացքում: Սակայն, ինչպես ասում է «պատերազմում՝ ինչպես պատերազմում» հայտնի ֆրանսիական ասացվածքը, պատերազմի պայմաններում տեղ չունեն փափկամորթությունը, սին խոստումները, ազատամտականությունը և պոպուլիստական ժողովրդավարության մնացած «ձեռքբերումները»: Պատերազմի ժամանակ անհրաժեշտ են վճռականություն  և այն հստակ գիտակցումը, թե ով է թշնամին և ով է բարեկամը, ով է անկեղծ և ով է երեսպաշտ, ինչ է հարկավոր պետությանը, իսկ ինչը կարող է թողնվել խաղաղ ժամանակների համար:

– Ձեր մասնակցությունը նախագահական ընտրություններին թելադրվա՞ծ է արդյոք բանակցային գործընթացի ներկայիս վիճակի ու կարգավորման շուրջ Փաշինյանի դիրքորոշման առթիվ մտահոգություններով:

– Ինչ-որ առումով՝ այո: Ես բազմիցս եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի շուրջ նման են Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին: Իսկ դա ինքնին նոր պատերազմի, Արցախի հայության անվտանգության սպառնալիք է: Ընդհանուր առմամբ արդեն մեկուկես տարի է՝ Փաշինյանն զբաղեցնում է վարչապետի աթոռը, և այդ ժամանակահատվածում նա բազմաթիվ անգամներ է հակասել ինքն իրեն, որ նույնիսկ իր մոտեցումները միջազգային հարթակներում գնահատելիս խոսվում է անհետևողականության մասին: Միևնույն ժամանակ, ես առաջին անգամը չէ, որ մասնակցում եմ նախագահական ընտրություններին: 2012 թ. ապրիլի 28-ի ԼՂՀ նախագահի ընտրություններում ևս առաջադրել էի թեկնածությունս, ստացել էի ընտրողների ձայների 32,5 տոկոսը (22966 ընտրող)՝ զիջելով գործող նախագահ Բակո Սահակյանին, ում օգտին քվեարկել էր 66,7 տոկոսը: Արցախի ժողովուրդը գիտի, որ ես առաջին տարին չէ, որ քաղաքականության մեջ եմ, հանդիսացել եմ մեր խորհրդարանի պատգամավոր, ունեցել եմ և ունեմ նախագահական հավակնություններ: Հետևաբար, կոպիտ սխալ կլինի գալիք ընտրություններում իմ մասնակցությունը կապել Փաշինյանի գործոնի հետ: Ծրագիր ունեցել եմ 2012 թվականին, և ունեմ այժմ՝ Արցախի համար բոլոր արդիական հարցերի շուրջ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում որոշ վերլուծաբանների այն անհանգստություններին, որ Փաշինյանի քաղաքական հայացքները չկիսող ուժերի հաղթանակը նախագահական ու խորհրդարանական ընտրություններում կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության հարաբերությունների վրա, ինչպես նաև ազդել կարգավորման բանակցությունների ընթացքի վրա:

– Չկա և չի կարող բացասական որևէ բան լինել ոչ միայն Հայաստանի ու Արցախի բնակչության, այլև ամբողջ հայ ազգի ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: Բարդությունները չեմ բացառում. նման բարդություններ Երևանի ու Ստեփանակերտի միջև եղել են 90-ականներին: Սակայն, ինչպես տեսնում եք, Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, ապրում է, զարգանում ու պաշտպանվում է: Գոյություն ունի հաղորդակից անոթների տեսությունը: Հավանաբար ոմանք չեն հիշում, բայց որքան դժվար է Արցախի գոյատևումը առանց Հայաստանի, նույնքան դժվար է Հայաստանի համար առանց Արցախի: Ուստի չարժե շատ առաջ անցնել: Երևանն ու Ստեփանակերտը դատապարտված են սերտ փոխկապվածության, և կարգավորման խնդրում դիվանագիտական հաղթանակի ձեռքբերման համար համատեղ մանրակրկիտ կերպով հաշվարկված ռազմավարությանը ու մարտավարությանը: Վստահ եմ, որ ընտրություններում հաղթելու պարագայում, կառուցողական երկխոսության միջոցով կհաջողվի չեզոքացնել Երևանի ու Ստեփանակերտի միջև առկա որոշ տարակարծությունները, և մեր երկու հայկական հանրապետությունները հանդես կգան միասնական ճակատով: