Ստացվում է, որ ոստիկանության ուսադիրների տակ թաքնված են նաև հանցագործներ (տեսանյութ)

LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է NewsMedia լրատվական գործակալության տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանը, որի հետ, ավանդույթի համաձայն, ամփոփեցինք տարվա ձեռքբերումները և բացթողումները։ Նախորդ տարեվերջին օրվա իշխանությունները, կառավարության ղեկավարը խոստացել էին հեղափոխական տարի բոլոր ոլորտներում և հատկապես տնտեսության, ներդրումների ներգրավում, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար, հավասար մրցակցության ապահովում։ Գայանեն մասնավորապես անդրադարձավ կառավարության և իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին՝ ասելով, որ, օրինակ, ոստիկանության համակարգում կոռուպցիոն դրսևորումները պարբերական բնույթի են։ Եվ ոչ միայն կոռուպցիոն դրսևորումները, այլև անօրինականությունը։

Հաղորդման հյուրը խոսեց նաև օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետի այն հայտարարության մասին, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալի, տնտեսական աճի, տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին հնարավոր չէ նորմալ տեղեկատվություն ստանալ։ Փաշինյանի պնդմամբ՝ այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշներն ապահովվել են՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Փաշինյանը նշել էր նաև, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Ինչո՞ւ տարեվերջին վարչապետը սկսեց նման դիրքորոշում հայտնել ու մեղադրել պետական ապարատին։ Գայանե Զարգարյանն իր դիտարկումները ներկայացրեց։

Օրերս համացանցը ողողված էր մեկնաբանություններով ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի աշխատանքը գերազանց գնահատելու վերաբերյալ։ Այդ կապակցությամբ NewsMedia լրատվական գործակալությունը որոշակի հակափաստարկներ էր ներկայացրել, որոնց մասին էլ խոսեց հյուրը: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ հրապարակված, հանրայնացված հայտնի աղմկահարույց տեսանյութը, որում ոստիկանները մահակով ու հակագազով փորձում էին ցուցմունք կորզել տղամարդուց, մինչև օրս իրավապահների կողմից համարժեք գնահատականի չի արժանացել, ինչը, ըստ Գայանե Զարգարյանի, հնարավոր է կոռուպցիոն պատճառներ ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում