Գիշերը հանգիստ է եղել, միջպետական ճանապարհը բաց է երթևեկության համար, Բաղանիսի համայնքապետ

Գիշերը հանգիստ է եղել, միջպետական ճանապարհը բաց է երթևեկության համար։ Այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։ Նա նշեց, որ կրակոցներն սկսվել են երեկ երեկոյան 21։20-ից և ընդհատումներով շարունակվել մինչև 22։30։ Այդ ընթացքում փակվել է Իջևան-Նոյեմբերյան մայրուղին։ Հակառակորդը կարակ է բացել  մեր դիրքերի ուղղությամբ, Կոթի և Բաղանիս գյուղերի, Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ուղղություններով։ «Մեր դիրքապահների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, և 22։45 ճանապարհն արդեն բացվել է։ Փառք Աստծո, որևէ վնաս չի եղել,- ասաց համայնաքապետը՝ հավելելով, որ գյուղի առօրյան չի խաթարվել, մարդիկ այսօր իրենց գործերով են զբաղված, դպրոցը և մանկապարտեզը գործում է»։

Նշենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ երեկոյան գրել էր, որ «Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈՒ-երի կողմից կորուստներ չկան:

Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ»։