Ռուսաստանում մեկ տարում արգելափակվել են ավելի քան 12 հազար արտասահմանյան կայքեր

2019թ․ արգելափակվել են ավելի քան 12 հազար արտասահմանյան կայքեր, որոնք սպառնում են Ռուսաստանի շահերին։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին նշել է Համակարգչային միջադեպերի ազգային համակարգման կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Մուրաշովը:

«2019 թվականին մենք կարողացել ենք դադարեցնել մեր երկրին սպառնացող ավելի քան 12 հազար օտարերկրյա տեղեկատվական ռեսուրսների գործունեություն։ Ռուսաստանի Դաշնության տարածքում, մեր արտասահմանյան գործընկերների հարցումով, դադարեցվել է ավելի քան 7 հազար այդպիսի ռեսուրսների գործունեություն»,- այս մասին հայտարարել է Մուրաշովը մամուլի ասուլիսում:

Համակարգչային միջադեպերի ազգային համակարգման կենտրոնն ստեղծվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն տնօրենի հրամանով՝ 2018 թվականի աշնանը: Կենտրոնը համակարգում է Ռուսաստանում տեղեկատվական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա համակարգչային գրոհների հայտնաբերման, կանխման և չեզոքացման աշխատանքները, ինչպես նաև արձագանքում է համակարգչային միջադեպերին: