ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սեղմվող զսպանակը (տեսանյութեր)

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի վերաբերյալ լուրերը  լուսաբանող US News ռազմական լրատվական  կայքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի ղեկավարությունը ս. թ. դեկտեմբերի 13-ին անդրադառնալով իր անօդաչու թռչող սարքի խոցմանը, հայտարարել է, որ «RQ-4 Global Hawk» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) նոյեմբերի 26-ին օդ բարձրանալիս, լրջորեն վնասվել է, և որ 5-րդ նավատորմն ունի ընդհամենը  երկու ԱԹՍ ու կանգնել է խնդրի առաջ:

Այսպիսով ռազմական լրատվական կայքը խոստովանել է, որ Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմն առավել քան երբևէ, խոցելի է դարձել: Իրանական լրատվամիջոցներն այս կապակցությամբ հիշեցնում են, որ հունիսի 20-ին ամերիկյան «RQ-4 Global Hawk» լրտեսական ԱԹՍ-ն Իրանի Իսլամական Հանրապետության տարածք ներխուժելուց հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից խոցվել է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի տարածքում:

Շատերը հավանաբար չգիտեն, թե «RQ-4 Global Hawk»-ն իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարևորություն ունի ԱՄՆ-ի համար: 2011թ. դրությամբ հիշյալ ԱԹՍ-ի արժեքը կազմում էր 215 մլն դոլար: Այն կարող է բարձրանալ գրեթե մինչև 20 կիլոմետր, թռչել 36 ժամ շարունակ, թռիչքի հեռավորությունը գերազանցում է 20 000 կիլոմետրը: «RQ-4 Global Hawk»-ը զինված է օպտիկա-էլեկտրոնային թվային տեսախցիկով, հզոր ռադարով և այլ սարքերով, որոնք թույլ են տալիս 100 կիլոմետրից հայտնաբերել շարժվող թիրախները և սկանավորել, հաղորդել դրանց կոորդինատները և արագությունները, օրվա ընթացքում 200 կմ հեռավորությունից ստանալ և կառավարման կետին փոխանցել պատկերներ 138 000 քառակուսի կիլոմետր տարածքից, 24 ժամվա ընթացքում ստանալ ավելի քան 1900 պատկեր 0,3 մետր լուծելիությամբ: Հիշյալ ԱԹՍ-ն ունի լայնաշերտ արբանյակային կապուղի և այլն, և այլն, որոնք բոլորը թվարկելն իմաստ չունի, հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հղմամբ, ինչպես նաև այլ աղբյուրներից: Անվիճելի է, որ Միացյալ Նահանգների համար շատ մեծ է ԱՄՆ-ի զինված ուժերին գրեթե ֆանտաստիկ հնարավորություններ ընձեռող «RQ-4 Global Hawk»-ի կորուստը:

Վերջինիս կորուստն ԱՄՆ-ի համար այնքան նշանակալի էր, որ Իրանի կողմից ամերիկյան ԱԹՍ-ի կործանումից հետո աշխարհը քիչ էր մնում կանգներ իր հետևանքներով անկանխատեսելի ամերիկա-իրանյան պատերազմի փաստի առջև, սակայն ռմբակոծիչների ու կործանիչների թռիչքից անմիջապես առաջ Թրամփը չեղարկեց հարձակման իր որոշումը, որն առաջ էին մղում կոշտ քաղաքական հայացքներով հատնի և Իրանի դեմ «առավելագույն ճնշման քաղաքականության»‰ կողմնակից, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու նրա ընկեր, այն ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Վերոնշյալ ԱԹՍ-ի խոցումը վկայում է Իրանի ՀՕՊ մեծ կարողությունների մասին, որոնք էլ ավելի ընդլայնվեցին համեմատաբար վերջերս ռուսական C-300 համալիրների ձեռքբերումից հետո:

Ավելին. Իրանը մեծ հաջողությունների է հասել նաև սեփական ԱԹՍ-ների արտադրության ու կիրառման ոլորտում: Բավական է հիշել թեկուզ իրանական ԱԹՍ-ի կողմից 2017թ. հունիսին սիրիական անապատի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետապնդման դեպքը, որը պատկերող լուսանկարները տարածել էր Սիրիայի դաշնակիցների օպերատիվ շտաբը: Նշված ոլորտում մեծ առաջադիմության են հասել նույնիսկ իրանցի աշակերտները: Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Թորբաթ Հեյդարիե քաղաքում հինգ իրանցի աշակերտների պատրաստած  ռադարախույս ԱԹՍ-ի շնորհանդեսը կայացել է այս տարվա սեպտեմբերին: 160 սմ երկարությամբ և Մոհարամ անվամբ  այդ ԱԹՍ-ն կարող է 1 ժամ թռչել մինչև 40կմ շառավղով տարածության մեջ և 4000 մետր բարձրության վրա:

Ս. թ. դեկտեմբերի 15-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն շարքային իրանցիներին ավելի շատ անհանգստացնում են Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցները` այլ երկրներից Իրան սննդամթերքի, դեղորայքի, քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասերի ներկրում թույլ չտալու նպատակով, ինչպես նաև ֆինանսական ոլորտում:

Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ալի Ռաբիին ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինի այն հայտարարության, թե պատժամիջոցները փոխարինում են պատերազմին, այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Պատերազմի փոխարեն պատժամիջոցներ կիրառելով և ֆինանսական, բժշկական ու սննդի ոլորտների նկատմամբ սահմանափակումների միջոցով, ԱՄՆ-ը թիրախավորում է Իրանի ժողովրդին»:

Ըստ էության, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող խիստ պատժամիջոցները չհայտարարված պատերազմ են այդ երկրի հանդեպ, տնտեսական պատերազմ:

«Եթե թշնամիները ցանկանում են սահմանափակումներ և անապահովություններ պարտադրել Իրանին, նրանք կստանան կոշտ պատասխան»,- «Ալ Ալամ» հեռւստաընկերությանը դեկտեմբերի 15-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտպանական և օժանդակ արդյունաբերության հարցերով ավագ խորհրդական Հուսեյն Դեհղանին:

Նա նշել է, որ Իրանի Զինված ուժերն ունեն թշնամու ցանկացած գործողության պատասանելու կարողութուն ու հավելել. «Ամերիկացիներն իրենց ուժերը տարածաշրջանում տեղակայելով, Իրանի համար հասանելի թիրախներ են ստեղծել»:

Օրերս ամերիկյան բանտից ազատ արձակված իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանին ասել է. «Այն ինչ թշնամիներին անհանգստացնում է ու դրանից վախենում են, Իրանի գիտությունն է»:

Թեհրանում «Թարբիաթ Մոդարես» համալսարանում իր պատվին կազմակերպված միջոցառմանն ունեցած ելույթում գիտնականն ասել է. «Ոչինչ ավելի կարևոր չէ, քան որ երկիրը կանգնի իր սեփական ներքին հզորության վրա, և դա հնարավոր է միայն գիտության շնորհիվ»:

Երանի այս գիտակցությունը լիներ նաև Հայաստանում:

Արթուր Հովհաննիսյան