Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքերով քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործն ուղարկվել է նախաքննական մարմին։

Նշենք, որ 315-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 179-րդ հոդվածի 3-րդ մասը՝ խոշոր չափերով յուրացում, 325-րդ հոդվածի 2-րդ մասը՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծում և 214-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 6-րդ վարչությունը խուզարկություն էր իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում և նրան պատկանող այլ տարածքներում: Դրան նախորդած հարցազրույցում Հայրապետյանն ասել էր, որ իր նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանն իրենց ընդհանուր ընկերոջ միջոցով իրեն հորդորել էր փախչել երկրից, որովհետև Փաշինյանը հրամայել էր բռնել իրեն: Հայրապետյանը հայտարարեց, որ կարող են իրեն ձերբակալել, ինքը երկիրը չի լքելու: