Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

Ռեջեփ Էրդողանը կոչ է արել Դոնալդ Թրամփին՝ չզոհաբերել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները և չօգտագործել 1915-ի իրադարձությունները՝ իր ներքին քաղաքականության իրականացման համար:

Թուրքիան կարող է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան ԱՄՆ սենատի կողմից 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման: «Tvzvezda.ru»-ի տեղեկացմամբ,  այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի առաջնորդը:

«Մեր խորհրդարանը նմանապես կարող է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ այն Միացյալ Նահանգների պատմության մութ էջերից է:

Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ չզոհաբերել երկու պետությունների միջև հարաբերությունները և 1915 թվականին կատարվածը չօգտագործել իր ներքին քաղաքականության համար: Միևնույն ժամանակ Էրդողանը շեշտել է, որ այդ իրադարձությունների գնահատականը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները։ Հայտնել է TRT Haber պարբերականը։

Դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների սենատը միաձայն ընդունեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ներկայացուցիչների պալատի և Սենատի որոշումները, որոնք առանձին են ընդունվում, չունեն իրավական  ուժ և կրում են խորհրդատվական բնույթ: Այսպիսով, օրենսդիրները ցույց են տալիս իրենց դիրքորոշումը որոշակի հարցի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, գործադիր իշխանությունն իրավունք ունի անտեսել նման փաստաթղթերը: