Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարի 20-ին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակեն հաջորդ տարեսկզբին՝ հանդիպելով հունվարի 20-ին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ միաժամանակ խոսելով Բրատիսլավայում ունեցած հանդիպման և Հայաստանի ու Ադրբեջանի «կարմիր գծերի» մասին:

CBC-ին տված հարցազրույցում Մամեդյարովը նշել է, որ վերջերս Բրատիսլավայում ունեցած հանդիպմանը երկու երկրների ԱԳ նախարարները խոսել են 3,5 ժամ և զրուցել բավական կարևոր հարցերի շուրջ, որոնցից է 2 երկրների «կարմիր գծերի» մասին իմանալը: Մեկնաբանելով իր միքտը, Մամեդյարովն ասել է, որ խոսքը այն սահմանների մասին է, որոնք անցնել չի կարելի:

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, իրենք հասկացել են, թե որտեղ է գտնվում իր նշած «կարմիր գիծը» Հայաստանի համար, իսկ Զոհրաբ Մնացականյանը հասկացել է, թե որտեղ է գտնվում Ադրբեջանինը: Մամեդյարովի պնդմամբ, Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ իր և Զոհրաբ Մնացականյանի միջև «կոշտ» մտքերի փոխանակում է եղել սուր շեշտադրումներով՝ բավական կարևոր հարցերի շուրջ, վերջում որոշվել է, որ բանակցությունները շարունակվելու են հունվարին: