Առողջության ապահովագրությանը պետք է մասնակցեն պետությունը, գործատուն և աշխատողը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Եվ այդ պակասող գումարը նախարարն առաջարկում է լրացնել նոր հարկատեսակ ֆիքսելով, որը 4-6 տոկոսի չափով բեռ կդառնա հարկատուների վրա։

«Միջազգային պրակտիկան փաստում է, որ գոյություն ունի առողջության ապահովագրության երկու մոդել՝ մեկը, որ պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է առողջապահական ծառայությունները ազգաբնակչութան բոլոր խմբերի համար, և մյուսը ապահովագրության տարբերակն է, որի համաձայն ազգաբնակչության ակտիվ մասը որոշակի գումարներ է նախապես վճարում, հետագայում, երբ առողջական խնդիրներ է ունենում, օգտագործում է այդ գումարները։ Մեզանում առաջին մոդելն է մասամբ գործում․ պետությունն իր վրա է վերցրել որոշակի ծառայությունների մատուցումն անվճար, բայց ոչ ամբողջ ազգաբնակչության համար, քանի որ գումարները քիչ են»,- ասաց տնտեսագետը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունների արդյունքում լավագույն տարբերակ են համարել առողջության ապահովագրության այն մոդելը, որի դեպքում հարկային բեռը ոչ միայն աշխատողի վրա է ծանրանում, այլև գործատուի և պետության։

Մանրամասները՝ տեսանյութում