Թուրքիայի քաղաքական վերնախավն արձագանքել է ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Թուրքական քաղաքական վերնախավն անմիջապես արձագանքել է ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին №150 բանաձևի ընդունման փաստին։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են արել։

Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ», «զուրկ պատմական ու իրավական հիմքից» և որ իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

«Պատմությունը քաղաքականացնողներն իրականությունն անտեսելով՝ չեն կարող հասնել իրենց նպատակներին»,- գրված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է:

«Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցության»,- ասված է հայտարարության մեջ:

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն  Սենատի որոշումն անվանել «քաղաքական բեմադրություն»։ «ԱՄՆ-ի սենատի  որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա։

Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը  «թե քաղաքական,  թե  տնտեսական,  թե ռազմական ոլորտներում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։

Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակացության  (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ սենատի որոշումը ընդունում  է «առ ոչինչ»։

Սենատի այս պատմական քայլին արձագանքել են նաև մեջլիսում ներկայացված 3 ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ»  (İYİ PARTİ)  կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները ևս դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Թուրքիայի քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշման, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին №150 բանաձևը։