Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը: ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը, մասնակցությունը 2020թ. համագործակցության ծրագրի վերաբերյալ նախնական քննարկումներին և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 4-րդ կուրսի կուրսանտների համար նախատեսված ,Լավ կառավարում և բարեվարքությունե առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին: Խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավված էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է զեկույցներ ռազմակրթական ոլորտում և ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:

Դեկտեմբերի 10-ից 12-ը կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Ներկայացվել են ՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:

Խորհրդատվական խումբը ճանաչողական այցով եղել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացել կրթօջախի գործունեության հիմնական ուղղություններին:

Այցի արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Քննարկվել են նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվել հետագա համագործակցության ուղիները: