Թուրքիան արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների ընդունման բանաձևին

Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ կապված ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ, անհարգալից վերաբերմունք է նրա ինքնիշխանությանը և կհանգեցնեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։

«ՌԻԱ Նովոստիի»  տեղեկացմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված С-400-ի ձեռքբերման հետ: «Պատժամիջոցների կիրառման պատճառը Թուրքիայի կողմից С-400-ի ձեռքբերումն է»՝ համաձայն  «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի,- գրված է հանձնաժողովի կայքում։ Փաստաթուղթը սահմանափակում է ԱՄՆ-ի զենքի վաճառքը Թուրքիային և պատժամիջոցներ է սահմանում այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար զենքի մատակարարմանը:

«Մենք գիտենք, թե ինչ շարժառիթով է «Խաղաղության աղբյուր» (Սիրիայում) գործողության և С-400-ի համար ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ ընդունել։ Այն կապված է երկար և մանրակրկիտ նախապատրաստված նախագծին մեր հասցրած ծանր հարվածից առաջացած խոր հիասթափության հետ»,- նշված է հայտարարության մեջ:

«Այս նախաձեռնությունները ոչինչ չեն տալիս, բացի թուրք-ամերիկյան հարաբերություններին վնասելուց»,- նշված է փաստաթղթում:

Թուրքիայի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ Անկարան անհրաժեշտ պարզաբանումներ է տվել նմանատիպ բովանդակության նախագծի վերաբերյալ, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է հոկտեմբերի վերջին:

«Օրինագիծը, որն այս անգամ Սենատի օրակարգում էր, ցույց է տալիս, որ մեր բացատրությունները չեն ընկալվում։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին՝ ընդունել կառուցողական դիրքորոշում և խելամիտ գործել, որպեսզի չվնասեն մեր ընդհանուր նպատակներին, որոնք  թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջին շաբաթների ընթացքում հաստատվել են ամենաբարձր մակարդակով»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի առաքումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների մեջ, սկսվել են հուլիսի կեսերից: Ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ C-400-ը ամբողջությամբ կգործարկվի 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և դրա դիմաց ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիա, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել CAATSA-ի համաձայն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը): Անկարան հրաժարվել է զիջումների գնալ: