Ես ծառայում եմ իմ երկրին իմ ձևով՝ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ հայ եմ

Նանե Արզումանյանը զրուցել է  WBO վարկածով երիտասարդ հայազգի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանի հետ։

– Կպատմե՞ք Ձեր մասին՝ քանի տարեկան եք, ինչո՞վ եք զբաղվում։

– 24 տարեկան եմ, ծնվել եմ 1995 թվականին, Երևանում։ Զբաղվում եմ բռնցքամարտով, անց եմ կացրել 23 մենամարտ, բոլորում հաղթող եմ ճանաչվել, որից 17-ը՝ նոկաուտով։ Նվաճել և պաշտպանել եմ WBA և WBO վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտիները։ Նաև եղել եմ WBO վարկածով աշխարհի չեմպիոն և ներկայացրել Հայաստանի դրոշը։ Նոր պայմանագիր եմ ստորագրել Ամերիկայի «Golden boy» ընկերության հետ և արդեն մեծ մենամարտերի եմ մասնակցելու Ամերիկայում․ դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում շատ հայեր կգան ինձ աջակցելու և կրկին ներկայանալու եմ Հայաստանի դրոշով։

– Մենք գիտենք, որ դուք դարձել եք Կանադայի չեմպիոն, երկու անգամ ճանաչվել Կանադայի «Ոսկե Ձեռնոց» մրցաշարի հաղթող։ Պատմեք, թե ինչ ճանապարհ եք անցել՝ այդ հաղթանակներին հասնելու համար։

– Հայաստանում 3 տարի բռնցքամարտով զբաղվելուց հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Կանադա, ես այդ ժամանակ 16 տարեկան էի։ Տեղափոխվելուց 2-3 ամիս հետո մասնակցեցի Կանադայի «Ոսկե Ձեռնոց» մրցաշարին և հաղթեցի։ Մեկ տարի անց դարձա Կանադայի չեմպիոն։ Իսկ դժվարությունների մասով կարող եմ ասել, որ 18 տարեկանում մենամարտում էի ավելի հասուն` 30-35 տարեկան բռնցքամարտիկների հետ, սակայն,  իմ տեխնիկական պատրաստվածությունն օգնեց, որպեսզի հաղթեմ բոլորին և շարժվեմ առաջ։

– Ապրելով Կանադայում՝ Դուք հանդես եք գալիս Հայաստանի դրոշի ներքո:

– Իհարկե, կարող էի հանդես գալ Կանադայի դրոշով և այդ դեպքում ավելի շատ երկրպագուներ կունենայի, գուցե ավելի մեծ հաջողությունների հասնեի։ Բայց ես դա չեմ անում, որովհետև ես հայ եմ ու հպարտ եմ դրանով։ Այստեղ՝ Կանադայում, կա մեծ հայկական համայնք, նրանք բոլորը գալիս են և ներկա են գտնվում իմ մենամարտերին, իսկ ես իմ հերթին օգնում են նրանց։

– Այնուամենայնիվ,  հեռու լինելով՝ կապ պահո՞ւմ եք Հայաստանի հետ։

– Իհարկե, կապ պահում եմ Հայաստանում գտնվող իմ մարզիչների, ընկերների և այն մարդկանց  հետ, որոնց հետ մարզվել եմ։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան դպրոցին  պարբերաբար ուղարկում եմ օգնություն՝ բռնցքամարտի համար նախատեսված պաշտպանական հագուստ, գլխարկներ, ձեռնոցներ։ Մոտ երկու տարի այստեղից օգնել եմ դպրոցին՝ ինչով կարողացել եմ։ Սակայն ցանկությունս մեծ է անձամբ գալ և ավելի մեծ օգնություն ցույց տալ այդ և այլ դպրոցների։

 – Իսկ ո՞րն է հայրենիք չվերադառնալու հիմնական պատճառը։

– Հիմնական պատճառը բանակն է, որովհետև հիմա ես չեմ կարող գալ Հայաստան, քանի որ ներկայումս գտնվում եմ հետախուզման մեջ։ Ուզում եմ անպայման նշել, որ ես այն մարդկանցից չեմ, ովքեր խուսափում են բանակում ծառայելուց, որովհետև ծառայության մեջ գտնվող տղաներն են ապահովում  ինձ հարազատ մարդկանց խաղաղ ու անհոգ կյանքը Հայաստանում, պարզապես ստացվեց այնպես, որ իմ կյանքը դասավորվեց հայրենիքից դուրս։ Այստեղ՝ Կանադայում  ես մեծ հաջողությունների եմ հասել և դեռ պետք է շատ բաների հասնեմ, որպեսզի արդեն Հայաստանում  մեծացնեմ  ներդրումների չափն ու ավելի շատ օգուտ տամ իմ հայրենիքին, իսկ բանակում ծառայություն անցկացնելու դեպքում ես չեմ կարողանա օգուտ տալ թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս։ Եվ քանի որ վերջերս ամուսնացել եմ, ունեմ իմ ընտանիքը, վերադառնալու դեպքում չեմ պատկերացնում՝ ինչպես եմ թողնելու ընտանիքս՝ կնոջս, երեխայիս  և գնալու ծառայության։ Ուզում եմ ասել, որ շատ եմ կարոտում հայրենիքս, արդեն 7 տարի է՝ չեմ եղել Հայաստանում, և եթե այս հարցը լուծելի դառնա, հաճախ կգամ և իմ կողմից մեծ օգնություն ցույց կտամ։

 – Ի՞նչ նպատակներ ունեք Հայաստանի հետ կապված, եթե կարողանաք վերադառնալ։

– Նախ,  ինչպես նշեցի, ուզում եմ գալ կարոտս առնել իմ հայրենիքից և հետո ուզում եմ Հայաստանում ամենակարևոր հարցերից մեկը լուծել՝ օգնել բռնցքամարտի դպրոցին, քանի որ իմ կարիերան և մեծ հաջողությունների սկիզբը դրվել է հենց Հայաստանում։ Պլանավորում եմ վերանորոգել դպրոցը, որովհետև հիմա դպրոցը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Կարծում եմ՝ բարեկարգ բռնցքամարտի դպրոցը Հայաստանում կօգնի ավելի լավ մարզվել և հասնել մեծ հաջողությունների։ Բացի վերանորոգումը, ես կարող եմ դպրոցին ապահովել բոլոր այն պարագաներով, որը կօգնի անցկացնել ավելի պրոֆեսիոնալ մարզումներ և մրցաշարերի ժամանակ ցույց տալ ավելի բարձր ցուցանիշ։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի նոր իշխանությունից։

– Նախ շատ ուրախ եմ, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, ճիշտն ասած, չէի սպասում, բայց տեսնելով այդ ամենը,  շատ ուրախացա։ Ակնկալիքներս նոր իշխանություններից այն է, որ նրանք կհասկանան,  թե ինչ իրավիճակում եմ գտնվում ես հիմա, կգնահատեն իմ հաջողություններն այս սպորտաձևում և կկարողանան ճիշտ որոշում կայացնել, քանի որ արդեն հիմա իմ բանակում ծառայելը թույլ չի տա իրականացնել բոլոր այն նպատակները, որոնք ես դրել եմ իմ առջև՝ հայրենիքիս հետ կապված։ Հայաստանում շատերն են ինձ ճանաչում և վստահ կարող եմ ասել, որ բոլորն ինձ աջակցում են այս հարցում։ Իմ կոչն է, որպեսզի նոր իշխանությունները թույլ տան, որպեսզի ես կարողանամ այս սպորտաձևում ավելի մեծ ձեռքբերումներ և հաջողություններ ունենալ։ Կցանկանամ, որպեսզի նոր իշխանությունները հնարավորություն տան, որ ես՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ով հասել է բազում հաջողությունների, կարողանամ օգնել երկրիս անունը բարձր պահել թե՛ Հայաստանում, թե՛  Հայաստանից դուրս։

– Արդյոք ճանաչո՞ւմ եք երիտասարդների, որոնք նույնպես ունեն այս խնդիրը։

– Գիտեմ երիտասարդների, որոնք նույնպես ունեն այս խնդիրը, և բոլորն էլ ցանկանում են գալ իրենց երկիր և դեռ մանուկ հասակից են Կանադայում ու չեն կարողանում գալ իրենց երկիր, որովհետև հետախուզման մեջ են գտնվում։

Իմ մասին էլ կարող եմ ասել, որ ես էլ եմ ծառայում իմ երկրին իմ ձևով՝ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ ես հայ եմ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մենամարտ ունեի ու առիթն օգտագործեցի ևս մեկ անգամ աշխարհին պատմելու, թե ինչ ոճրագործություն են իրականացրել ժողովրդիս հանդեպ։