Կուբանում վթարի է ենթարկվել «Մի-28» գրոհային ուղղաթիռը

Կրասնոդարի երկրամասում «Մի -28» գրոհային ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ինչի պատճառով երկու հոգանոց անձնակազմը զոհվել է։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին։

Հայտնաբերվել է ուղղաթիռի վթարի վայրը, ուղղաթիռը ամբողջությամբ կործանվել է։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի վթարման փաստը։ Դեպքը տեղի է ունեցել Կորնովսկի օդանավակայանի մոտակայքում՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23: 00-ի սահմաններում, եղանակային վատ պայմաններում իրականացվող պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։

Հստակեցվել է, որ ուղղաթիռում զինամթերք չի եղել։ Պատճառները պարզելու համար հանձնախումբը մեկնել է վթարի վայր։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի տեղեկացմամբ, վթարի հիմնական վարկածներն են՝ օդաչուի սխալը և տեխնիկական անսարքությունը:

Մի-28-ը (ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման՝ Havoc- «կործանիչ»), խորհրդային և ռուսական գրոհային ուղղաթիռ է, որը նախատեսված է ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ տանկերի և այլ զրահատեխնիկայի, ինչպես նաև ցածր արագությամբ օդային թիրախների և հակառակորդի կենդանի ուժի որոնման և ոչնչացման համար։