Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ցանկանում են Չինաստանը հռչակել «ՆԱՏՕ-ի հիմնական հակառակորդ»

Դեկտեմբերի 6-ից եվրոպական մի շարք լրատվամիջոցներ խուճապ են սերմանել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: Ամեն ինչ սկսվել է գերմանական ազդեցիկ «Die Welt» թերթի գլխավոր հրապարակումից, որտեղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն (ՉԺՀ)  անվանել են «ՆԱՏՕ-ի հիմնական հակառակորդ»: Պարզվում է, որ այս պետությունը ձգտում է «գնել» քաղաքական ազդեցություն Եվրոպայում՝ ներդրումներ կատարելով «հին աշխարհի» երկրներում: Միևնույն ժամանակ, գերմանական թերթը նախատում է Գերմանիային և Ֆրանսիային՝ Պեկինի վտանգավորությունը թերագնահատելու համար:

Ըստ «Die Welt»-ի, վտանգն այն է, որ «Չինաստանի իշխանությունները հաջողությամբ տարածում են իրենց ազդեցությունն աշխարհի օվկիանոսների վրա և շուտով կկարողանան վերահսկողություն ձեռք բերել բազմաթիվ միջազգային ծովային ուղիների նկատմամբ»: Որպես Չինաստանի էքսպանսիոնիզմի աճող վտանգի «հիմնավորում»,  նշվում է, որ «վերջին տարիներին այդ երկիրը լրջորեն զինվել է, և «նրա ռազմական ուժը թույլ է տալիս ԱՄՆ-ի՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի կամ Ճապոնիայի անվտանգությունը երաշխավորող ուժի դերը դիտարկել որպես սպառված»: Ըստ հոդվածի հեղինակի՝ այս ամենը սպառնում է նաև Եվրոպայի անվտանգությանն ու բարեկեցությանը:

Ավելի վաղ «News.ru» ռուսական լրատվական պորտալը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները ռազմական դաշինքի պատմության մեջ առաջին անգամ կքննարկեն ՉԺՀ կողմից սպառնալիքները դաշինքի գագաթնաժողովում (Մեծ Բրիտանիայում): Ի դեպ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ըստ նրա խոսքերի՝ «Պեկինը աշխարհում երկրորդ ամենամեծ ռազմական բյուջեն ունի և անընդհատ ներդրումներ է կատարում սպառազինությունների զարգացման մեջ: Եվ Չինաստանը Վաշինգտոնին բերում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ»:  Շատ դժվար է հասկանալ, թե ինչու է ՆԱՏՕ-ն ղեկավարող Ստոլտենբերգը խոսում Չինաստանի կողմից ԱՄՆ շահերին ուղղված սպառնալիքների մասին, և ոչ թե ՆԱՏՕ-ին՝ որպես ամբողջության: Բայց ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե նախ հիշենք, որ անցած տարվանից ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի պաշտոնի տարբեր թեկնածուներ, ասես դավադրաբար, անընդհատ կրկնել են՝ ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը «Չինաստանն է, Չինաստանը և կրկին Չինաստանը»:

Երբ մենք քննարկում ենք չին-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառները՝ շեշտելով, որ պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները, որը  և նախաձեռնել է ինչպես «սակագնային պատերազմը», այնպես էլ դրա վերածումը քաղաքական առճակատման, շատ օգտակար է հաստատման համար դիմել սկզբնաղբյուրներին: Վառ օրինակ է ԱՄՆ պետդեպարտամենտի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով բյուրոյի ղեկավար Դևիդ Ստիլվելի՝ (Վաշինգտոնի ինստիտուտում) «ԱՄՆ-ը, Չինաստանը և բազմակարծությունը միջազգային գործերում» զեկույցը: Պարոն Ստիլվելը ՌՕՈՒ թոշակառու բրիգադի գեներալ է, վերջին պաշտոնը՝  Շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավարի Ասիայի հարցերով խորհրդական, մինչ այդ՝ Պեկինում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը և Հոնոլուլուում (Հավայան կղզիներ) Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության «չինական» խմբի ղեկավար: Մենք սա շեշտում ենք, որպեսզի ոչ ոք մեզ չմեղադրի հակաամերիկյան տրամադրությունների մեջ: Եվ Ստիլվելի զեկույցի հենց առաջին թեզն այն մասին է, որ Թրամփի օրոք «երկար ժամկետանց փոփոխություններ» են կատարվել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ  քաղաքականության մեջ, ինչը, իր հերթին, պայմանավորված է եղել «Չինաստանի արտաքին քաղաքականության բացասական վերափոխմամբ»: Արդյունքում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալը լույս սփռեց, թե ինչու է ԱՄՆ  «զայրացել» Պեկինի վրա. պարզվում է, որ ամերիկացիների «տրամաբանության» համաձայն՝ նրանք հավատում էին, որ Չինաստանը Միացյալ Նահանգների հետ պետք է համագործակցի միայն Ռուսաստանի դեմ, բայց Չինաստանը հրաժարվել է, և դրա համար էլ «մեղավոր է» Վաշինգտոնի առաջ…

Եզրակացությունը շատ պարզ է. Միացյալ Նահանգներն ընդունում է, որ Չինաստանը դարձել է Եվրասիական կենտրոնի մաս և ծայրահեղ դժգոհ են Մոսկվայի ու Պեկինի մայրցամաքային դաշինքից և դրա համար Արևելքում Չինաստանին հայտարարում են նույն սառը պատերազմը, ինչն Արևմուտքը հայտարարել է Ռուսաստանին: Թվում է, թե գերմանական «Die Welt» թերթը դառնում է Եվրոպայում Միացյալ Նահանգների «լեզուն»: Հեռու չէ այն օրը, երբ Եվրոպայում տարածված սառը պատերազմի՝ «Ռուսները գալիս են» կարգախոսը կրկին կլրացվի խուճապային լուրերով, երբ պարզվի, որ «չինացիները նույնպես գալիս են»: Չնայած նրանք վաղուց արդեն եկել են՝ դատելով եվրոպական քաղաքներում չինացի զբոսաշրջիկների բազմությունից և…բազում «չայնա-տաուններից»:

Սերգեյ Շաքարյանց