Իրականությունը՝ բաց աչքերով

Հայաստանյան իրականության պարադոքսն այն է, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք ` իրավիճակը գնալով ավելի և ավելի է վատանում, բայց դեռ բարձրաձայնում ենք` բա ի՞նչ եք ուզում այս մի տարվա մեջ, ի՞նչ պետք է փոխվեր, թողե՛ք աշխատեն:

Տրամաբանական վերլուծություն իրականացնելով՝  կարող ենք ասել, որ եթե իշխանական էլիտայի մոտ փոխվում է իրավիճակ` չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ կոնտեքստում, ապա ինչո՞ւ չի փոփոխվում  մեր հանրության կյանքը:

Երբ ասում էին իրավիճակ է փոխվելու, երևի ի նկատի ունենին միայն իրենց իշխանական վարչակարգի և ՔՊ-ականների շրջանում, իսկ ժողովուրդը մնաց ստվերում` անտեսված ու մոռացված իշխանությունների կողմից, այսպիսի պատկերի մենք ականատես ենք եղել  նախկին իշխանությունների կառավարման օրոք:

Եկե՛ք հստակ նշենք, որ իշխանափոխությունը չիրականացրեց Նիկոլ Փաշինյանը, չտարվե՛նք նիկոլամոլությամբ, և գիտակցենք, որ հայ ժողովուրդը կատարեց իշխանափոխությունը, որը ուղղորդեց Նիկոլ Փաշինյանը:

Իշխանափոխությունը իրեն վերագրելով և հանրությանը մանիպուլացնելով, Նիկոլ Փաշինյանն իր ձեռքը վերցրեց երկրի կառավարման ղեկը` աչքի ընկնելով ձախողված  կադրային քաղաքականությամբ, զանգովի (կամայական) ընտրովի արդարադատությամբ, իշխանությունների տարանջատման  զսպումների և հակակշիռների բացակայությամբ, արտաքին ու ներքին քաղաքականության ձախողմամբ, ժողովրդին սին խոստումներ տալով և դրանք պարտաճանաչորեն չկատարելով, կերակրելով ժողովրդին միայն պոպուլիզմով․․․

Իրականությունը պետք է տեսնել բաց աչքերով և ընկալել սթափ ուղեղով, ՈՐՈՎՀԵՏԵՎ

  1. ունենք ձախողված և թույլ կադրային քաղաքականությամբ ձևավորված իշխանական մարմիններ, համապատասխան կառավարչական հմտություններից ու կարողություններից զուրկ կադրեր, տեղին է ասել` առանց ձևի և բովանդակության համակարգ:
  2. ունենք կրթական համակարգի բարձիթողի վիճակ։
  3. ունենք ձախողված արտաքին քաղաքականության լրջագույն հետևանքներ։
  4. ունենք համատարած թանկացումների ալիք։ Կյանքը գնալով թանկանում է, սակայն քաղաքացիների եկամուտները նվազում են կամ մնում են նույնը։
  5. ունենք նախարարությունների թվի ոչ նպատակային կրճատումներ,  թավշյա օպտիմալացում և չհիմնավորված կրճատումներ` 55.000 գործազուրկների հոծ բանակի ակտուալացում:
  6. ունենք չգիտակցված և ոչ տեղին համաներման բացասական հետևանքներ, հանցագործությունների թվի աճ, նոր Հայաստանում իր մեղքը չընդունած դաժան մարդասպանին ներում շնորհելու աննախադեպ փորձի իրականացում:
  7. ունենք զանգովի/կամայական արդարադատության իրականացում, գործադիր մարմնի ազդեցություն և ուղղորդում դատական համակարգի վրա, անկախ դատական համակարգի բացակայություն:
  8. ունենք աղքատության, գործազրկության բարձր մակարդակ, արտագաղթի բարձր տեմպեր:
  9. ունենք հասարակության մեջ բարոյահոգեբանական լքված մթնոլորտ, սոցիալական ցանցերում և իրական կյանքում հայհոյանքների տարափ և շահերի բախում, կոնֆլիկտային իրավիճակի խորացում ու սրացում:
  10. Ունենք իշխանությունից անտեսված և իշխանության կողմից խաբված հասարակություն` դեռ սպասելով որևէ փոփոխության, ասել է, թե հույսը վերջում է մեռնում, եկե՛ք մի քիչ էլ սպասենք, բայց ինչի՞ն։
  11. ունենք կառավարություն, որը կոչ է անում ոչխար պահենք կամ տաքսի քշենք։

Սրան զուգահեռ, իշխանությունը իր փայլուն կադրերին աթոռ է նվիրում և աշխատանքի է տեղավորում` քայլելու ունակություն ունենալու և ցույցերին ակտիվ մասնակցելու կարողություն ունենալու շնորհիվ, ասել է, թե դատարկ տակառները ավելի լավ են զնգում:

Եվ ի վերջո, նորօրյա Հայաստանում դատապարտում են պետականամետ, ռազմական գործիչներին, իսկ բանակից թռածներին հանձնում են պետական կառավարման ղեկը:

 

Սիրանուշ Սերոբյան

«Քաղաքացիական հարթակ նախաձեռնության» անդամ