Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մեր դեմ նախատեսած պատերազմում ներգրավել ԻԼԻՊ-ի մարտիկներին

Փաշինյանի և այլոց պատիժն Արցախի կորստի պարագայում չափազանց փոքր մխիթարություն կլինի

 Ադրբեջանը և Թուրքիան օգտվելով Հայաստանի ղեկավարության թույլ տված խոշոր սխալներից, փորձում են մեր դեմ նախատեսած պատերազմում ներգրավել ԻԼԻՊ-ի մարտիկներին:

Հայաստանը լրջագույն վտանգի տակ է, և խնդիրը սոսկ այն չէ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում են Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի: Նրանք նախկինում էլ պատրաստվել են, բայց պահը չեն համարել բարենպաստ, չեն գնացել պատերազմ սանձազերծելու ռիսկին: Հիմա, սակայն, բոլորովին այլ վիճակ է, «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել ավելի վաղ, իրավիճակ է փոխվել:

Իրավիճակ է փոխվել ու դեռ շարունակվում է փոխվել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի շուրջ… Փաշինյանի ասածը հրաշալի գիտակցում են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, և` մեր արտաքին մյուս թշնամիները: Դա արդեն գիտակցում է նույնիսկ Ադրբեջանի հասարակությունը:

«Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Արցախի բանակացային պրոցեսը,- տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Կարեն Հովհաննիսյանը:- Քննարկումներից հետո գալիս են այն եզրահանգման, որ պետք է պատրաստվեն պատերազմի: Կարմիրով ընդգծել եմ հենց այդ տողը… Միևնույն ժամանակ նշում են, որ այլ ճանապարհ չունեն…Տեսնես մեր որ մեղքի համար Աստված նման հարևան մեզ տվեց…»:

Շատ հակիրճ նշեմ, որ Հայաստանում իրավիճակի ամենամեծ փոփոխությունը ոչ թե կոռուպցիայի դեմ իշխանությունների թմբկահարած պայքարն է, ինչպես ներկայացվում է (իրականում կոռուպցիայի մեջ գտնվող իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ ընտրողական պայքար է, ընտրողաբար իրականացվող այդպիսի պայքար նախկինում էլ է եղել), այլ հասարակությունը սպիտակների ու սևերի, հեղափոխականների և հակահեղափոխականների, ներկաների ու նախկինների բաժանելով, պառակտելը, թշնամացնելը, ինչի հետևանքով շատ դեպքերում նույնիսկ հարազատների և մինչև իսկ նույն ընտանիքում դրա անդամների հարաբերություններն են այդ հողի վրա փչացել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը շատ լավ իմանալով մեծ Չարենցի «Պատգամ» բանաստեղծության մեջ ակրոստիքոսով զետեղված պատգամը` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», վարվեցին ճիշտ հակառակ կերպ, գերազանց կերպով իրականացրեցին թշնամու երազածը և ուզածը` բաժանիր, որ տիրես, և այսօր ունենք այն, ինչ ունենք` բաժանված, պառակտված ու նույնիսկ թշնամացած հասարակություն: Այս իրավիճակը դժվար թե չունենա, քրեաիրավական լեզվով ասած, առանձնապես ծանր հետևանքներ (կարելի՞ է հուսալ, որ Փաշինյանը մինչ այդ, ինչպես ասում են, խելքը գլուխը կհավաքի…), իսկ այդ դեպքում արդեն թող որևէ մեկը կասկած չունենա, որ Փաշինյանի (և ոչ միայն նրա…) արարքը կգնահատվի որպես պետական դավաճանություն և նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պատիժը կլինի որպես պետական դավաճանի: Բայց ազատագրված տարածքների կորստի, էլ չենք ասում Արցախի և Հայաստանի կործանման պարագայում դա արդեն չափազանց փոքր մխիթարություն կլինի:

Առկա տեղեկությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը և Թուրքիան հաշվի առնելով հայ-ադրբեջանական նախատեսված պատերազմում Թուրքիայի զինուժի ընդգրկուն մասնակցության անհնարինությունը (քանի որ այդ դեպքում անխուսափելի կլինեն Հայաստանի և Արցախի տարածքներում Ռուսաստանի հարվածները Թուրքիայի զինուժին), ինչպես նաև, նույնիսկ գերազանցող զինվածության ու պաշարների պարագայում, Ադրբեջանի հավանական պարտությունը հայկական կողմից, միասնաբար ձեռնամուխ են եղել մեր դեմ նախատեսվող պատերազմում ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») մարտիկներին ներգրավելու փորձին: Եվ սա անում են` օգտվելով արժեհամակարգային առումով Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքականությունից, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների կողմից նախկինում թույլ տրված և առավելապես հիմա թույլ տրվող խոշոր սխալներից:

Ադրբեջանի և Թուրքիայի վերոնշյալ փորձին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան