Մահացել է առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանը

Վախճանվել է Ռուսաստանի և աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ի ներկայացուցիչը, որտեղ աշխատում էր հետազոտողը:

Ռաֆայել Հարությունյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորական դիսերտացիա է պաշտպանել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում: 1985 թվականին իր գիտական աշխատության համար Լենինյան կոմերիտմիության մրցանակ է ստացել գիտության ու տեխնիկայի բնագավառում: 2014 թվականին գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր է դարձել Ռուսաստանի բնակչության և տարածքների ռադիացիոն անվտանգության ապահովման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար: Ռաֆայել Հարությունյանը Ռուսաստանի առաջատար մասնագետներից մեկն էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում:

ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ում նա զբաղվում էր ռադիացիոն վթարների ռադիոլոգիական հետևանքների կանխատեսման կոմպյուտերային համակարգերի ստեղծմամբ և բնակչության պաշտպանության, ռադիացիոն և բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանձնարարականների մշակմամբ, մասնակցում էր միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի խոշորագույն միջազգային նախագծերին, գիտատեխնիկական տարբեր խորհուրդների անդամ էր, «Ռոսատոմ»-ի հանրային խորհրդի և Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի անդամը: Գիտնականը հրապարակել է 170-ից ավելի գիտական աշխատություններ: