Զելենսկին Պուտինի հետ բանակցությունների արդյունքը «ոչ-ոքի» է գնահատել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և ասել, որ առայժմ «ոչ-ոքի» է: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր (Պուտինի հետ հանդիպման ժամանակ) ինչ-որ զիջումներ եղել են, ես դա զգացի… Ես չգիտեմ՝ ով ում, հիմա կարևոր է դիվանագետ լինել, մենք նոր ենք սկսել խոսել: Եկեք առայժմ ասենք ոչ-ոքի»,- ասել է Զելենսկին «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովից հետո:

Նա Պուտինի հետ բանակցությունները «բարդ» է բնութագրել և նշել, որ հանդիպումը նախատեսված ժամանակից երկար է տևել:

«Այն պետք է տևեր 20 րոպե, բայց տևեց գրեթե մեկ ժամ: Բաղկացած էր երկու մասից. երբ մենք բոլորով միասին էինք, իսկ հետո՝ դեմ առ դեմ: Կարելի՞ է արդյոք պայմանավորվել: Դժվար է, բայց այսօր եղան պահեր, երբ մենք որոշ բաների շուրջ պայմանավորվեցինք»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է նաև, որ Պուտինը բծախնդիր է, և նրա հետ բանակցություններ վարելը դժվար է:

«Նա բոլոր հարցերը քննարկում է՝ անդրադառնալով բոլոր մանրուքներին: Եվ մենք սկսում ենք կարգավորել ամեն բառը: Դա բարդ է: Ես ուղղակի ուրիշ մարդ եմ, արագ. ես մեկ անգամ մտածում եմ և վերջ, պայմանավորվեցինք: Բայց ոչ, այստեղ այլ կերպ է, այլ կենսամեխանիկա է»,- ասել է Զելենսկին: