Եվրոպայում սպասվում է նոր Վերածնո՞ւնդ, թե նոր պատերազմ

Եվրախորհրդարանի նախորդ ընտրություններից հետո, որի արդյունքում եվրոպական հոռետես աջ ուժերը կարողացան զբաղեցնել պատգամավորական տեղերի ավելի քան 20%-ը, միացյալ Եվրոպայի սոցիալ-քաղաքական կյանքում և նրա շուրջ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք այս տարածաշրջանն աստիճանաբար վերածեցին «դանդաղ եռացող կաթսայի»:

Արաբական և այլ երկրներից փախստականների լայն զանգվածների հոսքը Եվրոպա, բրիտանացիների կողմից իրականացվող «ձիու քայլը» (տրոյական ձիու դերակատարությունը), Միացյալ Նահանգների նոր նախագահ Թրամփի ընտրությունն ու նրա տնտեսական ու ռազմական նոր քաղաքականությունը Միացյալ Եվրոպայի և նրա առանձին երկրների նկատմամբ (ըստ էության, Թրամփը ռազմական ոլորտում եվրոպական երկրների նկատմամբ ցուցաբերում է խիստ տարբերակված քաղաքական մոտեցումներ), Ռուսաստանի աճող հավակնությունները ու դրան ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցները․ սրանք այն հիմնական դրդապատճառներն էին, որոնք ստիպեցին Եվրամիությանը համարժեք քաղաքական գործողությունների միջոցով էական փոփոխությունների ենթարկելու Եվրոպայի ներքին կյանքը և արտաքին հարաբերությունները: Սակայն իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Միացյալ Եվրոպան ու նրա ղեկավարությունն ի վիճակի չեն համարժեք կերպով հարմարվելու նոր իրավիճակին՝ մի կողմից Եվրոպական կառույցների «քարացած» ու ոչ ճկուն էության, իսկ մյուս կողմից, որը գուցե և առավել ազդեցիկ գործոն եղավ, նոր իրավիճակում եվրոպական տարբեր երկրների շահերի անհամապատասխանության ու բախման հետևանքով:

Եվրոչինովնիկության անգործությունը և անհամաչափությունն աստիճանաբար առաջին պլան մղեցին եվրոպական երկրների աջ ուժերին, որոնց միջև համաձայնեցված գործողություններն այսօր դարձել է ներկա և ապագա Եվրոպայի խաղաղության թերևս միակ երաշխիքը: Օգտվելով նախընտրական պայքարի առիթից (2019 թ. մայիսի 23-26-ին տեղի են ունենալու Եվրոխորհրդարանի հերթական ընտրությունները), այդ ուժերն ինտենսիվ կերպով իրականացնում են փոխադարձ այցելություններ ու խորհրդակցություններ, որոնց ընթացքում փորձում են ձևավորել այն ընդհանուր սկզբունքներն ու կարգախոսները, որոնցով նրանք գնալու են ընտրությունների և, որ ամենակարևորն է, կառուցելու են նոր Եվրոպան:

Ուշագրավ ու միանգամայն հասկանալի է, որ այս հարցում առանձնապես ակտիվ են Ֆրանսիայի «Ազգային ճակատը», Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը և Իտալիայի «Հյուսիսի լիգան»:

2019 թ. մայիսին կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրություններն ընդամենը ցույց են տալու եվրոպական երկրներում տիրող հասարակական տրամադրությունները, որոնք կառավարելու ու առաջնորդելու դերակատարությունը փորձում են ստանձնել ազգայնական ուժերը: Առաջնահերթ խնդիրն Եվրոպայում կայունության ու խաղաղության շարունակականության ապահովումն է, որի շուրջ էլ, հուսանք, այսօրվանից խորհրդակցում են նոր քաղաքական ուժերը:

Եվրամիության ապամոնտաժումից հետո կկարողանա՞ն արդյոք վերաձևավորված եվրոպական ազգային պետությունները միմյանց միջև հարթել իրենց արդիականությունը չկորցրած տարածքային հիմնախնդիրները: Եթե այո, ապա Եվրոպային նոր Վերածնունդ է սպասվում, իսկ եթե ոչ՝ նոր պատերազմ:

Ինչպես գիտենք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ Եվրոպայում արդեն եղել է թե՛ Վերածնունդ, թե՛ մեծ պատերազմ: Ո՞րն այս անգամ կկրկնվի: Համոզված եմ, որ Աստծոն հաճո է վերածնված որակի եվրոպական քաղաքակրթությունը:

 

Լևոն Անդրիասյան