ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։

ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:

«Նիստը նախագահելու է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք կառաջարկի Ռուսաստանի Դաշնությունը՝ 2020 թվականին իր նախագահության շրջանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները և սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:

Դրանից բացի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցելու է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին: