Ցանկանում ենք անթերի կատարել գործը, որ որևէ քաղաքական շահարկման առիթ չլինի․ Անդրանիկ Քոչարյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի գործունեությունը 6 ամսով երկարացնելու մասին

ԱԺ-ն քննարկում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու հարցը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց նախորդ վեց ամսվա գործունեությունը և այն պատճառները, թե ինչու պետք է երկարացնել հանձնաժողովի գործունեությունը:

Ըստ Քոչարյանի՝ աշխատանքների ընթացքում հանձնաժողովի փորձագետների կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը հասցվել է ՀՀ ՊՆ-ին:

«Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը և սկսվել է դրանց ուսումնասիրությունները: Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով, 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հանձնաժողովն անցկացրել է հանձնաժողովի 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ: Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչեցվել են շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ, պարզաբանումներ, կատարվել են ճշտումներ»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացրեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ սույնով հանձնաժողովն անցել է ամենաբարդ փուլը. «Վերջնական փուլը իրականացնելու ենք հաստատված ցանկի պաշտոնյաներին վերջնական լսելով, նրանց քանակը կարող է հասնել մինչև 40-ի: Դա կտևի մի քանի ամիս, և վերջին երկու ամիսը նախատեսում ենք անցկացնել մեր վերջնական եզրակացությունների հիման վրա համապարփակ աշխատանքը լիարժեք իրականացնելու համար»,- ասաց նա:

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց՝ կա՞ հետագա աշխատանքների համար սահմանված հստակ ժամանակացույց՝ աշխատանքի բաժանումով, որով համոզված կլինենք, որ այս ժամանակահատվածը բավարար է լինելու աշխատանքները ավարտին հասցնելու համար:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ըստ գործող օրենսդրության, իրենք վեց ամսից ավելի ժամանակ խնդրելու իրավունք չունեն: «Դա մաքսիմալ ժամանակն է, մենք մաքսիմալն ենք խնդրել՝ հաշվի առնելով նաև հունվարյան միջոցառումները, տոները: Մենք մաքսիմալն ենք ուզել, բայց կարծում եմ՝ կտեղավորվենք ավելի կարճ ժամանակահատվածի մեջ: Ցանկանում ենք անթերի կատարել գործը, որ որևէ քաղաքական շահարկման առիթ չլինի»,- ընդգծեց պատգամավորը: