Ստյոպա Սաֆարյանի դեմ լրագրողի ներկայացրած դատական հայցը վարույթ է ընդունվել

Նոյեմբերի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը, որոշել է բավարարել այն։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Թագուհի Ասլանյանի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Վիրաբյանը ընդհանուր իրավասության դատարան հայցը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել Ստյոպա Սաֆարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից՝ նրան անձնական վիրավորանք հասցնելու համար, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել բարոյական վնասի դիմաց։

Հիշեցնենք, որ ս․ թ․ հոկտեմբերի 29-ին քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» գրասենյակում նախաձեռնվել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում, որին պրն Սաֆարյանի քմահաճույքով արգելված էր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը, այդ թվում LIVEnews.am լրատվական կայքի, որտեղ էլ որպես լրագրող է աշխատում Թագուհի Ասլանյանը։

Երբ LIVEnews.am լրատվամիջոցը, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեց ներկայանալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ և միջոցառումն ավարտվելուց հետո պարոն Սաֆարյանից պարզաբանում պահանջել, թե ինչու է նա ակնհայտ խտրականություն դնում լրատվամիջոցների միջև՝ այդպիսով ոտնձգություն կատարելով խոսքի ազատության դեմ և խոչընդոտելով լրատվամիջոցների աշխատանքը, նա հիմնավոր պատասխաններ ներկայացնելու փոխարեն՝ պարզապես անձնական վիրավորանք հասցրեց լրագրողին։ Ստյոպա Սաֆարյանը սուբյեկտիվ որակում տալով լրագրողի աշխատանքին՝ հրապարակավ նրան անվանել էր լկտի՝ ասելով, թե «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես դուք, ներխուժել ձեր բնակարան»։ Չբավարարվելով այդ վիրավորանքով, ի պատասխան լրագրողի՝ իրենց լրատվամիջոց արված հրավերին, Ստյոպա Սաֆարյանը աղավաղելով լրագրողի խոսքը, հայտարարել էր՝ ինձ սաունաներ մի հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է ինչ-որ տեղ հրավիրել։

Այդ ամենը տեսաձայնագրվել է, հրապարակվել LIVEnews.am-ում և այլ կայքերում։ Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ http://livenews.am/press/2019/24057/29/15/25/։

 

Լրագրող Թագուհի Ասլանյանը անձնական արժանապատվությանը հասցրած վիրավորանքի համար դիմել է դատարան՝ հաստատակամությամբ, որ նման սանձարձակությունը չկանխելու, անպատժելիության դեպքում կխրախուսվեն մեզանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման դեպքերը, վիրավորանքներն ու ատելության խոսքի տարածումը, ինչը ժողովրդավար Հայաստանի համար անթույլատրելի երևույթ է։

Մինչև այդ էլ նա դիմել էր Հանրային խորհուրդ՝ հորդորով հանրային գնահատական տալ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, նրա պահվածքին ու վարքին՝ առանձին քննարկում կազմակերպելով։ Նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել էր այդ դիմումը և եկել այն եզրակացության, որ  Ս. Սաֆարյանի առանձին արտահայտություններ (լրատվամիջոցի ներկայացուցչի հրավերը «սաունա հրավիրելու» հետ համեմատելը) անցնում են էթիկականի սահմանները, ունեն սեքսիստական բնույթ: Հանձնաժողովը կոչ է արել Ստյոպա Սաֆարյանին՝ զերծ մնալ նման գործելակերպից։