Այսօր ավելի շատ է վտանգված հայ ավանդական ընտանիքը․ գլոբալիստները և հեղափոխության մասնակիցներից ԼԳԲՏ համայնքը հայտ են ներկայացրել (տեսանյութ)

Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը դեռ երեկ` դեկտեմբերի 6-ին, միացավ Ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը։ Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մեկնարկած հանրահավաք-երթը, սակայն, հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, իր կարգախոսներով` «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի», «Պաշտպանենք ազգը, հավատը, հայրենիքը, ընտանիքը», ինչպես նաև արծարծած խնդիրներով շատ ավելի ընդգրկուն էր, քան զուտ ընտանիքի պաշտպանության անհրաժեշտությունն ընդգծելը:

Ավանդական ընտանիքի պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթից առաջ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնությունն էր տվել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Միքայել քահանա Նուրիջանյանին, որն էլ օրհնությունը փոխանցեց երթի մասնակիցներին:

Ինչպես նշեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, իշխանությունները փորձում են Ստամբուլյան կոնվենցիայի նորմերը ամրագրել այլ օրենքների միջոցով, օրինակ, այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի մի կոնվենցիայի, որը, ըստ էության, մանկապիղծների պաշտպանության կոնվենցիա է, արտաքին ուժերի ու նրանց հայաստանյան խամաճիկների կողմից մեր երկրի դեմ արժեհամակարգային ագրեսիա և ինտերվենցիա է իրականացվում, սա պատերազմ է և պատասխանը համարժեք է լինելու։

«Սա միջազգային ակցիա է իրականում, վաղն էլի ակցիաներ են լինելու տարբեր երկրներում, նպատակն ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունն է, բայց մեր դեպքում ոչ միայն դա,- պատասխանելով նախաձեռնության նպատակադրման վերաբերյալ մեր հարցին, ասաց Հայկ Այվազյանը:- Մեր դեպքում նպատակն ընտանիքի ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական պաշտպանությունն է, այսինքն` պետական ինստիտուտների կազմաքանդումը, որը հիմա է տեղի ունենում, թուլացնում է նաև մեր պաշտպանունակությունն արտաքին ագրեսիայի դեպքում և արտաքին սպառնալիքների դիմաց, և դա ևս սպառնալիք է հանդիսանում մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Հետևաբար սա ակցիա է` բարձրաձայնելու այն սպառնալիքների մասին, որոնք կան մեր ժողովրդի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր անվտանգության նկատմամբ: Եվրոպական երկրները թշնամիներով շրջապատված չեն, ինչպես Հայաստանը, և չունեն ֆիզիկական անվտանգության այն խնդիրները, ինչ մենք»:

Ըստ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատարի, բոլոր դեպքերում, մենք, իբրև քրիստոնյաներ, պետք է կարողանանք Աստվածաշնչով ապրել իբրև քրիստոնյա, պահպանելով թե՛ մեր հավատը, թե՛ մեր ընտանիքը, թե՛ մեր մնացած բոլոր արժեքները:

«Մենք միշտ խնդիրներ ունեցել ենք ընտանիքի պահպանման, արժեքների պահպանման հետ կապված, և մենք առավելաբար, որպես քրիստոնյա, պետք է կարողանանք մեր ընտանիքներն Աստվածաշնչի լույսի ներքո տեսնել` որպես Քրիստոս և եկեղեցի հարաբերություն, ինչպես Պողոս առաքյալն է իր եփեսացիներին ուղղված նամակում ասում` ամուսինը խորհրդանիշն է Քրիստոսի, կինը խորհրդանիշն է եկեղեցու,- մեզ հետ զրույցում ասաց տեր Միքայել քահանա Նուրիջանյանը:- Այսինքն` սիրո և հնազանդության մեջ պետք է տեսնենք մեր ընտանիքների ներկայությունը, գործունեությունը, և կարողանանք Աստվածաշնչի լույսի ներքո պահպանել նաև այդ արժեհամակարգը:

Պետք է հստակ գիտակցենք, որ թե՛ ազգի, թե՛ եկեղեցու, թե՛ հայրենիքի հիմքն ընտանիքն է, ընտանիքը եթե ունի ամուր հիմքեր, եթե ունի հավատքի, սիրո, խոնարհության, հանդուրժողականության վրա հաստատված հիմքեր, ուրեմն կկարողանանք ունենալ թե՛ հզոր հայրենիք, թե՛ հզոր եկեղեցի, թե՛ հզոր ազգ: Ուրեմն մշտապես կարողանանք մեր հզորությունը պահպանել ընտանիքից սկսելով»:

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը նույնպես այն կարծիքին է, որ հայ ավանդական ընտանիքը միշտ էլ կարիք ունեցել է պաշտպանության, և այսօր որ նման մոդելով հայ ընտանիքը հասել է մեզ, շնորհիվ նրա է, որ մեր նախնիները լավ գիտակցելով, թե հայ ավանդական ընտանիքը որքան կարևոր է ազգի հարատևությունն ապահովելու համար, ամեն գնով պաշտպանել են մեր ընտանիքների ավանդական մոդելը:

«Այսօր ավելի շատ է վտանգված հայ ավանդական ընտանիքը, որովհետև 2018 թվականի հեղափոխությունից հետո գլոբալիստները և հեղափոխության մասնակիցներից ԼԳԲՏ համայնքը հայտ ներկայացրեցին, թե քանի որ իրենք փայ ունեն կատարվածում, հետևաբար և դրա արդյունքում նույնպես պետք է իրենց մասնաբաժինը և արտոնությունն ունենան ընդհանուր քաղաքացիների համեմատ,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:- Ավելին` նրանք պահանջում են, որ իրենց այդ առավելությունն ամրագրվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, մի շարք օրենքների ընդունմամբ: Այս փաստից, ինչպես նաև այլ իրողություններից ելնելով, մենք զգում ենք, որ հայ ավանդական ընտանիքի մոդելն այսօր հարվածի տակ է»:

Նշենք նաև, որ հիշյալ հանրահավաք-երթին անդրադարձել ենք նաև մեր երեկվա «Երկրի համար պատերազմական կամ օկուպացիայի իրավիճակում միակ ընդունելին ազգային-ազատագրական պայքարն է» հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան