Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարվա ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց մինչև 2023 թվականի ռազմավարությունը և դրանց մեջ ծրագրային դրույթները: Ինչ վերաբերում է հարցերին, թե որտեղ է այս ռազմավարությունում հեղափոխությունը, և քաղաքացին երբ կզգա փոփոխություն, նա ասաց, որ իրենք չեն սպասում մինչև 2023 թվականը, քաղաքացին այսօր էլ է զգում փոփոխություն:

«Այն քաղաքացիները, որոնք այս նախագծում թիրախավորված են որպես շահառուներ, չեն կարող փոփոխությունները չտեսնել: Մի մասի համար հիմա կփոխվի կյանքը, մի մասի համար՝ հաջորդ տարի, մի մասն ինքն իր համար կփոխի այս ընթացքում: Եթե կարծում էիք, թե ձեր սպասած հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պետք է հիասթափեցնեմ, որովհետև չի փոխվելու, ես շարունակելու եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ՝ անուն ազգանունի առումով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության հարկին և Ֆինանսների նախարարության դիրքորոշմանը, Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, թե իրենք ինչու են դեմ: «Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում, իհարկե, դա վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց դա բեռ է տնտեսության վրա»,- ասաց նա և նշեց, որ դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը, և հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա:

Ըստ ֆինանսների նախարարի` կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանանան: «Մյուս կողմից էլ՝ առողջապահության համակարգում պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, տարբեր գնահատականներով, կրկնակի ծախսում են  նաև քաղաքացիները, սակայն նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վիճակն այդքան էլ բավարարված չի կարելի համարել: Միգուցե այլընտրանքային տարբերակներ է պետք քննարկել, նաև տարբերակներ՝ այդ ծախսվող միջոցները ուղղորդելու, որ հնարավոր լինի ապահովագրության խնդիրը լուծել` միաժամանակ չբարդելով այդ բեռը տնտեսվարողների վրա: Իմ նախընտրած շեմը զրոն է, սակայն հարցը չափի մեջ չէ, ուղղության մեջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ֆինանսների նախարարության աշխատակազմին, նա նշեց, որ ներկայումս թերհամալրվածություն կա: «Նախատեսված 530 հաստիքակազմից 400-ն է զբաղված»,-ասաց նա: