ԲԴԽ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ոլորտում ՌԴ փորձը և համագործակցության հեռանկարները

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 5-ին ընդունեց Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինին: Այս մասին տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Անի Մխիթարյանը, Գիրգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրել է Խորհրդի լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական կառուցակարգերը, արված լայնածավալ աշխատանքները և օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն արդարադատությունն արդյունավետ դարձնելն է: Նա իր խոսքում կարևորել է, որ դատական իշխանությունն ապաքաղաքական կառույց է, և Խորհուրդն իր ամենօրյա բաց, թափանցիկ աշխատանքով, չմիջամտելով արդարադատական գործընթացին, քայլեր է ձեռնարկում դատարանների անկախությունն ամրապնդելու ուղղությամբ:

Խորհրդի նախագահը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ սերտ կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցությունը ևս առաջնային են Բարձրագույն դատական խորհրդի համար և հույս հայտնել, որ դեսպանի միջոցով երկու երկրների դատական իշխանությունների գիտական և պրակտիկ հատվածների միջև կստեղծվեն համագործակցության նոր հնարավորություններ:

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության համար, հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների   իրականացման գործիքակազմերով և այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերով:

Ի պատասխան դեսպանի հարցին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը նկատել է, որ դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագիրը բավականին հավակնոտ է, հայեցակարգային և ամբողջ ծավալով կյանքի կոչվելու պարագայում արդյունքը կլինի գոհացնող:

Քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Խորհրդի անդամները ևս արտահայտել են իրենց տեսակետները, եղել են երկկողմ համագործակցության կառուցողական առաջարկներ: