Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հրամանագրի համաձայն՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի փետրվարի 9-ին:

Ադրբեջանի Միլի մեջլիսը՝ խորհրդարանը, օրեր առաջ հատուկ նիստի ընթացքում հայտարարել էր ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը նիստի ժամանակ ընթերցել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին: