Պուտին. «Բուլղարիան դիտավորյալ դանդաղեցնում է «Թուրքական հոսք» գազատարի անցկացումը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  մեղադրել է Բուլղարիային «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածի անցկացումը դիտավորյալ դանդաղեցնելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում կարող են այլընտրանք գտնել:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Պուտինը բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ որպես այլընտրանքային երկիր Ռուսաստանը մտածում է ընտրել Ուկրաինային և հավելել.

«Մենք պատրաստ ենք գազի արտահանումն իրականացնել Ուկրաինայի տարածքով: Գաղտնիք չէ, որ այս հարցի շուրջ Վիեննայում շարունակվում են բանակցությունները: Սակայն մինչ այժմ Ուկրաինայի կողմից մեզ առաջարկված պայմաններն անընդունելի են»:

Հիշեցնենք, որ ռուսական բնական գազը Եվրոպա հասցնելու համար «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ հատվածը որոշվել էր Հունաստանի փոխարեն անցկացնել Բուլղարիայի տարածքով:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պիտի լինի 910 կմ, որի 660 կմ հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15,8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառեցվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո: