Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար, նրա թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկից

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար: Նա ներկայացրեց իր անցած ուղին և նշեց, որ ներկա պահին Ճարտարապետության և շինարարության համալսարանում դասախոս է աշխատում և մասնագիտական գործունեություն է ծավալել այս ոլորտում:  «Վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն շոշափելի փոփոխություններ կադաստրի ոլորտում»,-ասաց նա:

Վարչապետը փոքր գաղտնիք բացահայտեց և նշեց, որ պարոն Թովմասյանի թեկնածությունը առաջադրվել է աշխատանքային լեզվով ասած՝ կադրային բանկից: «Խոսքը այն նախաձեռնությանն է վերաբերում, որ քաղաքացիները, որոնք մտածում են, որ ունեն ներուժ պետական համակարգում իրենց ներդրումը բերելու, տվյալներ են ներկայացնում»,- ասաց նա:

Սուրեն Թովմասյանն ասաց, որ գրեթե մեկ տարի առաջ է ուղարկել իր տվյալները և պատրաստել է տեսլական ու վստահ էր, որ անպատասխան չի մնալու: «Երբ հանդիպել էինք, ես ասացի՝ հուսահատվե՞լ եք, որ Ձեզ չեն հրավիրի, պարոն Թովմասյանն ասաց՝ ոչ: Այնպես որ, ճիշտը չհուսահատվելն է»,-ասաց վարչապետը: