Ռեֆորմիստների կուսակցությունը խստիվ դատապարտում է ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունները

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, որտեղ մասնավորապես գրված է․

«Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը նախ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության համար, այնուհետև, հարցաքննվելուց րոպեներ անց նրան մեղադրանք է առաջադրվել:

Ռեֆորմիստների կուսակցությունը խստիվ դատապարտում է ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողությունները և կոչ է անում բոլոր առողջ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժերին նույնպես դատապարտել դրանք:

Մեր դիրքորոշումը հիմնավորված է հետևյալ փաստարկներով՝

  1. Սերժ Սարգսյանին ներկայացվող մեղադրանքը ըստ էության համարում ենք անհիմն և անհեթեթ։
  2. Հաշվի առնելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո անդադար իրականացվող ատելության տարածումը՝ իշխանության կողմից այսպիսի դրսևորումները համարում ենք ակնհայտ քաղաքական հետապնդում։
  3. Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը անմիջականորեն կապված է Զագրեբում տեղի ունեցած նրա ելույթի հետ։
  4. Ակնհայտորեն պահին հարմարեցված քրեական գործը, որը զարմանալիորեն ի հայտ է եկել իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց, մեր կարծիքով հետապնդում է հերթական քաղաքական շոու սարքելու նպատակ վարչապետի գահավիժող վարկանիշը փրկելու համար։
  5. Արցախի հիմնախնդրի լուծման հարցում փակուղի մտած և Ադրբեջանի կողմից ստորացուցիչ պայմանների պարտադրման պայմաններում ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ իրականացվող գործողություններն ուղղված են այս կարևորագույն հարցերում ապաշնորհ և վտանգավոր քաղաքականություն վարելու փաստից ժողովրդի ուշադրությունը շեղելուն։

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: