ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը դրական գնահատվեց լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով:

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։