Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։

Լոռեցյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։  Tert.am–ի տեղեկություններով՝ փոխնախարարը միայնակ չի գործել։

Գևորգ Լոռեցյանը 2018թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, իսկ նախարարությունների միավորումից հետո 2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև․

«Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը,  նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»: