2019թ. 1-ին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչությունը նվազել է 8200-ով

LIVEnews.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

 Իշխանության գալուց հետո ներկա կառավարությունը, օրվա իշխանություններն իրենց գերակա նպատակների թվում ներկայացրեցին նաև երկրի առաջ ծառացած ժողովրդագրական խնդիրների լուծումը նախանշվեցին անգամ որոշակի նշաձողեր, թե որ թվականին Հայաստանի բնակչությունը որքան պետք է աճի ծնելիության ցուցանիշների ավելացման և հայրենադարձության միջոցով։ Ճիշտ է, այդ ուղղությամբ որոշակի օջախային ծրագրեր իրականացվեցին, օրինակ՝ ծնված առաջին և երկրորդ երեխաների միանվագ նպաստների շեմի բարձրացումը։ Գրեթե երկու տարի է անցել, այդ ուղղությամբ կարո՞ղ ենք դրական միտումներ արձանագրել։

– Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

2018թ. մայիսին և դեկտեմբերին ձևավորված կառավարությունների ծրագրերի համաձայն՝ կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար պետք է իրականացներ արագ և արդյունավետ միջոցառումներ: Իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր ժողովրդագրական աննախադեպ հավակնոտ նպատակադրում՝ 20 տարում կրկնապատկել բնակչության թիվը, այսինքն՝ մինչև 2040թ. ունենալ 6 միլիոն մշտական բնակչություն: 2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն մշտական բնակչություն:

Ի դեպ, պոպուլիզմի տեսանկյունից հատկանշական է՝ իշխանության գալուց հետո գործողներն իրենց նախկին խոստումը վերանայեցին և ամբողջապես համապատասխանեցրին նախկինների խոստացածին՝ իրականացման ժամկետը 10 տարով երկարացվեց, իսկ թիրախն էլ 1 միլիոնով նվազեցվեց: 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկմանն էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որի հիմնական թիրախն էր՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հայտատարեցին, որ այլևս նման ռազմավարության անհրաժեշտություն չկա: Իսկ նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում:

Շուտով կլրանա 2 տարին: Ի՞նչ է արվել և ի՞նչ ունենք:

2018թ. կեսից 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դարձավ 150 հազար դրամ: Այս փոփոխությունը խնդրահարույց էր դրված նպատակի տեսանկյունից: Եվ մեր մտահոգություններն իրականություն դարձան՝ ունեցանք պետական բյուջեից կատարվող աննպատակ հերթական ծախսը:

2020թ. կեսից ուզում են բարձրացնել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից՝ 25500 դրամ: 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը (50 հազար և 150 հազար դրամ) դառնալու են 300 հազար դրամ: Ստիպված նորից հորդորում ենք՝ բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու համար պետական աջակցությունը պետք է առաջնային թիրախավորի 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը: Սակայն 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերի բարձրացում չի նախատեսվում: Հատկանշական է նաև՝ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:

Իսկ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չեն ենթարկվում» իշխանական հորդորներին: Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հետևյալը՝ 2018թ. մշտական բնակչությունը նվազել է 13400-ով, 2019թ. 1-ին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչությունը նվազել է 8200-ով, 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11700-ով, որից 9500-ը գյուղական բնակավայրերում, 2019թ. հունվար-սեպտեմբերին բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը նվազել է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամատ 1121-ով (4,1 տոկոսով), իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 20-ով, միգրացիայի մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500, 2018թ.՝ -10900), ՀՀ փաստաթղթերով 35549 քաղաքացիներ անվերադարձ մեկնել են արտասահման, փոխարենը՝ 25692 օտարերկրացիներ, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը, եկել ու մնացել են Հայաստանում:

Փաստորեն, ծնունդների բումի փոխարեն ունենք կրճատում: Խոստացված հայրենադարձությունը ևս միֆ է: Փոխարենը՝ հետևողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր՝ իրականում ավելացնելով առկա ռիսկերն աշխատաշուկայում: Սա պայմանավորված է նաև այս ոլորտի կարգավորման բացերով:

– Բազմազավակությունը խրախուսելու և արդեն իսկ չորս և ավելի ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին օգնելու համար կառավարությունը ի՞նչ ծրագրեր է նախատեսել, խոսվում է միայն առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի ավելացման վերաբերյալ։ Այնինչ, եթե չեմ սխալվում, նախկին իշխանությունների օրոք նման ծրագիր նախատեսվում էր։

– Գործող կառավարության հնգամյա ծրագրում խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից: Իսկ 2019թ. և 2020թ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Վերջին 30 տարիներին ծնունդների թվի նվազումը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատման: Բազմազավակ ընտանիքների կեսն անապահով է: Այս բացասական միտումները պահպանվում են:

Պետական աջակցության այս տեսակը ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածների պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Փոխարենը՝ իշխանությունը օրակարգ է բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը