ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, այս մասին տեղեկանում ենք ԱՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին։ Մասնավորապես, տեղի է ունեցել մտքերի փոխանակում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և գործընթացում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։ Այս համատեքստում կողմերը կարևորել են նմանօրինակ հանդիպումների պարբերական անցկացումը՝ ամփոփելու իրականացված համատեղ աշխատանքը, ինչպես նաև նախանշելու հետագա անելիքները:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնումը՝ Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, որպես գործընթացի արդյունավետության բարձրացման գործուն միջոց: