Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. մի օր դա տեղի կունենա. Լիտվայի նախագահ

Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսին տված հարցազրույցում  ասել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիքի է Նաուսեդան Թուրքիայի մասին, քանի որ Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային, թուրքերին հորդորում է ունենալ շատ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից», Լիտվայի նախագահը պատասխանել է. «Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ Արևմուտքը կհասնի՞ որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:

Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիայի առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ»:

Լիտվայի նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը չի ճանաչում Հոլոքոստը, Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ (Հայոց ցեղասպանության ճանաչում) ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»: